երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հայաստանում հաշվառված է 37 հազար ինքնակամ շինություն. Թովմասյան

Հայաստանում հաշվառված է 37 հազար ինքնակամ շինություն. Թովմասյան

Այսօր ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, ներկայացնելով կառույցի բյուջետային ծրագրերը, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ասել է, որ 2023 թ. կառույցի համար նախատեսվել է շուրջ 4 մլրդ 418 մլն դրամ:

Նա նշել է, որ այդ գումարի շրջանակում նախատեսվում է իրականացնել «Անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացում» ծրագիրը, որի նպատակն է անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգի զարգացումը, պետության կողմից անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ճանաչումը, երաշխավորումը և պաշտպանությունը:

Գեոդեզիայի ու քարտեզագրության բնագավառի զարգացման նպատակով նախատեսվում է շարունակել երկրատեղեկատվական համակարգում բնակավայրերի քարտեզագրական հենքի ստեղծման աշխատանքները, օրթոֆոտոհատակագծերով ամբողջությամբ ծածկված համայնքների ճշգրտված կադաստրային թաղամասերի հատակագծերը, համայնքների կադաստրային թաղամասերի ուղղման նպատակով լրացուցիչ կետերի դիտարկման և թաղամասերի արտաքին սահմանների ամբողջական ուղղման աշխատանքները:

Պատասխանելով ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին՝ Սուրեն Թովմասյանը նշել է, որ ներկայումս հանրապետությունում հաշվառված է 37 հազար ինքնակամ շինություն:

«Սա լավ չէ, սակայն ունենք այն, ինչ ունենք, և մենք պետք է գտնենք լուծումներ»,- ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավարը:

  • Կիսվել: