կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստանում առաջին անգամ Թեոդոր Կուրենտզիսի ղեկավարությամբ հանդես կգան musicAeterna-ի չորս երաժշտախմբերը

Հայաստանում առաջին անգամ Թեոդոր Կուրենտզիսի ղեկավարությամբ հանդես կգան musicAeterna-ի չորս երաժշտախմբերը

Առաջին անգամ Հայաստանում համերգներով հանդես կգան լեգենդար դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսը, musicAeterna նվագախումբը, երգչախումբը, պարային խումբը և musicAeterna byuzantina երգչախումբը:

Համերգները տեղի կունենան հոկտեմբերի 14-ին և 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, հոկտեմբերի 15-ին՝ Զվարթնոց տաճարում և հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը՝ Գյումրու Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում:
 

Հյուրախաղերի նպատակն է համերգներով ընդգծել Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը, ներկայացնել համաշխարհային դասական և հոգևոր երաժշտությունը, ինչպես նաև նպաստել երկրի երիտասարդ տաղանդների զարգացմանը: musicAeterna-ի գեղարվեստական ուղղվածությունը երկար տարիներ հիմնվում է մշակույթների միաձուլման, պատմության ու մեր ժամանակների երկխոսության վրա, ինչը հաջողությամբ իրագործվում է երաժիշտների բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ:

Հյուրախաղերի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 14-ին Երևանում: «Արամ Խաչատրյան» համերգասրահում musicAeterna-ն կկատարի Պյոտր Իլյիչ Չայկովսկու «Ֆրանչեսկա դա Ռիմինի» սիմֆոնիկ ֆանտազիան (ըստ Դանթեի), Իտալական կապրիչոն և «Ռոմեո և Ջուլիետ» նախերգանք-ֆանտազիան (ըստ Շեքսպիրի):

Հոկտեմբերի 15-ին Արարատ լեռան ստորոտին՝ Զվարթնոցի տաճարի մոտ, մայրամուտին տեղի կունենա «Տառապանքը բոլոր լեզուներով նույն կերպ է հնչում» պար-ողբի պրեմիերան: Բեմադրությունը կներկայացնի musicAeterna Dance խումբը, որի հիմնադիրը նույնպես Թեոդոր Կուրենտզիսն է։ Պարային ներկայացման խորեոգրաֆը Վլադիմիր Վառնավան է, ռեժիսորը՝ Աննա Գուսևան:

Հյուրախաղային ծրագրի գագաթնակետը Ալֆրեդ Շնիտկեի Կոնցերտի կատարումն է a capella երգչախմբի համար՝ ըստ Գրիգոր Նարեկացու բանաստեղծական տեքստերի: Այն տեղի կունենա հոկտեմբերի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Այս ստեղծագործությունը, որն անդրադառնում է աստվածաբան-փիլիսոփա Գրիգոր Նարեկացու ժառանգությանը, որը քրիստոնեական միջնադարյան հայ մշակույթի գագաթն է, կկատարվի ի նշան համաշխարհային արվեստի պատմության մեջ հայկական մշակութային ժառանգության կարևորության ճանաչման։

Շնիտկեի երգչախմբային կոնցերտը դասվում է 20-րդ դարի ամենանշանակալի խմբերգային ստեղծագործությունների շարքին, այն երաժշտական արվեստը բարձրացնում է հոգևոր հայտնության մակարդակի։ Կոմպոզիտորը ստեղծագործության վրա աշխատել է 1984-1985 թվականներին՝ կրոնին ավելի մոտենալու և իր մկրտության ժամանակ, հոգևոր երաժշտության նկատմամբ մեծ հետաքրքրության ալիքի վրա, որի արդյունքը եղավ սեփական ոճի վերաիմաստավորումը: Կոնցերտը հիմնված է Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի վրա:

Հյուրախաղերը կավարտվեն հոկտեմբերի 17-ի՝ լույս 18-ի գիշերը: Գյումրու Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում musicAeterna և musicAeterna byuzantina երգչախմբերը կներկայացնեն Lux Aeterna («Հավերժական լույս») ծրագիրը, որը միավորում է տասդարյա ռուսական և եվրոպական հոգևոր երաժշտությունը: Այստեղ ժամանակակից կոմպոզիտորների օպուսներին հաջորդում են միջնադարյան ստեղծագործությունները, որոնք զարմանալի կերպով խոսում են նույն լեզվով:

Չնայած կատարվող ստեղծագործությունները բարդ են և տարաբնույթ, ծրագիրը կառուցված է հարմոնիկ և ընկալվում է որպես մեկ ամբողջական կտավ: Բոլոր ստեղծագործությունները չեն, որ եկեղեցական կանոնիկ ավանդույթի մաս են կազմում, այնուամենայնիվ, Lux Aeterna-ն հիմնականում կատարվում է տաճարներում, որոնց վեհաշուք ներքին հարդարանքն ու ծավալուն ակուստիկան հզորացնում են երաժշտության հոգևոր և էմոցիոնալ ազդեցությունը:

Նախագիծն իրականացվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք, Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Գարեգին Երկրորդի օրհնությամբ:

Նախագիծն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության և Էկոնոմիկայի նախարարության մասնակցությամբ: Կոլեկտիվի պատմության մեջ առաջին անգամ հայաստանյան հյուրախաղերը տեղի են ունենում Վարդուհի Նազարյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ: Նախագծի կազմակերպիչ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ և Արամ Խաչատրյան համերգասրահ:

  • Կիսվել: