երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Հայաստանին առնչվող և ՄԱԿ-ի արխիվում պահվող փաստաթղթերը նոր լույս են սփռում պատմական իրադարձությունների վրա

Հայաստանին առնչվող և ՄԱԿ-ի արխիվում պահվող փաստաթղթերը նոր լույս են սփռում պատմական իրադարձությունների վրա

ԳԱԱ պատմության ինստիտուտում կայացավ ՄԱԿ-ի արխիվում պահվող Հայաստանի Հանրապետության 1919-1920 թվականների նորահայտ փաստաթղթերի ժողովածուի շնորհանդեսը: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ելույթ ունենալով շնորհանդես ժամանակ՝
ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը տեղեկացրեց, որ ժողովածուն բաղկացած է 320 էջից, փաստաթղթերը ներկայացված են լուսապատճենների տեսքով, որոնց վերևում կան համապատասխան տեքստեր։ Չի բացառվում, որ հետագայում կլինի նաև ժողովածուի էլեկտրոնային տարբերակը, որպեսզի լայն հասարակայնությունն ու մասնավորապես գիտական շրջանակները ծանոթանան նոր իրողություններին, առավել ևս, որ փաստաթղթերի զգալի մասը նոր է գաղտնազերծվել։  

«Երբ անդրադառնում ենք 20-րդ դարում մեր պետականությանն առնչվող խնդիրներին, նախ պետք է խոսենք առաջին հանրապետության մասին, մանավանդ որ այն ծնվեց 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի բովում։ Հետագա տարիներին ընդհատված պետականությունը վերականգնվեց և ունեցավ շարունակություն խորհրդային ժամանակաշրջանում։ Ակունքում այն իրողությունն էր, որ առաջին հանրապետության գոյության երկուսուկես տարիների ընթացքում պետականության զգացողությունն այնքան ամրապնդվեց հայ ժողովրդի մեջ, որ նույնիսկ հայ համայնավարների մի զգալի մասը հակվելով դեպի սոցիալիզմ՝ հետագայում նպաստեց երկրորդ հանրապետության զարգացմանը։ Եվ եթե չլիներ առաջին հանրապետությունը, մեր երկիրը 1991 թվականին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո չէր վերագտնի իր անկախությունը»,- նշեց Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ ժողովածուի փաստաթղթերը հիմնականում ներառում են 1918 թվականի Փարիզի վեհաժողովի նախապատրաստական աշխատանքներից մինչև 1920 թվականի խորհրդայնացման ժամանակաշրջանը։ Կան նաև հավելվածներ, որոնք վերաբերում են 1920-ական թվականների սկզբին։ Փաստաթղթերը հիմնականում ֆրանսերեն են։ Այդ լեզվի փայլուն իմացությունը Ավետիս Ահարոնյանին հնարավորություն տվեց Փարիզի վեհաժողովում միջազգային հանրությանը ներկայացնել բոլոր կարևոր փաստաթղթերը, ուստի պատահական չէ, որ ժողովածուի մեջ ներառվել է նաև հայկական պատկան մարմինների և միջազգային ատյանների, գերտերությունների իշխանությունների միջև  հարաբերություններին ու Հայաստանի միջազգային ճանաչման գործընթացին վերաբերող մեծածավալ նամակագրությունը։

Փաստաթղթերը վկայում են, որ Հայաստանի առաջին հանրապետությունը լիարժեքորեն համապատասխանում էր անկախ պետականություն ունենալու բոլոր պարամետրերին։ Արդյունքում Ազգերի լիգայի կողմից մեկնարկեց ՀՀ անկախության ճանաչման գործընթացը, ինչը խորհրդանշվեց Երևանում 101 հրանոթների համազարկով։ Հայկական կողմն այդպես ողջունեց Ազգերի լիգայի որոշումն ու այդ պատմական իրադարձությունը։

«Ժողովածուի հատկապես երրորդ մասը գիտաքաղաքական իմաստով շատ կարևոր է, քանի որ ներառում է Ազգերի լիգայի 1920 թվականի փաստաթղթերն ու մամուլի հրապարակումները դրանց կապակցությամբ։ Կան բազմաթիվ համարակալված փաստաթղթեր, որոնցում հստակ նշված են հայկական պատվիրակության քայլերը ՀՀ անդամակցության ուղղությամբ։ Նշված է նաև, թե ինչպես հայ-թուրքական ճակատամարտերը խոչընդոտեցին և թույլ չտվեցին ավելի խորացնել հայկական պետականության ճանաչման գործընթացը։ Արդեն խորհրդայնացված Հայաստանն Արևմուտքի համար դաշնակից չէր ընկալվում, ինչպես նախկինում, երբ մեր երկիրը Հարավային Կովկասում դիտարկվում էր որպես հենարան, ու նրա նկատմամբ Ազգերի լիգայի վերաբերմունքը դեռ արմատապես չէր փոխվել»,- ասաց ակադեմիկոսը։

Մելքոնյանի կարծիքով՝ մեր իրավական դատը համապատասխան կառույցներին հասցնելու համար պետք է շարունակել աշխատանքը, որպեսզի փաստաթղթերը դառնան ավելի խոսուն, և շահագրգիռ անձինք՝ պատմաբաններն ու գիտնականներն, ավելի հեշտորեն օգտվեն դրանցից։          

Շնորհանդեսին ներկա էր նաև ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ փաստաթղթերի առկայությունը ևս մեկ անգամ փաստում է այն իրողությունը, որ ճշմարտությունը երբեք չի մահանում, հետևաբար հայկական կողմը պետք է անընդհատ դրանք օգտագործի՝ ամբողջ աշխարհին ներկայացնելով Թուրքիայի նենգ քաղաքականությունը, որին ավելացել է 1920 թվականին ձևավորված Ադրբեջանի ոճրագործ քաղաքականությունը։

«Այսօր Բաքուն ամբողջ Հայաստանն է արդեն համարում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան», ինչին պետք է արձագանքել պետական մակարդակով, առավել ևս, որ ունենք բոլոր հիմքերը՝ պնդելու, թե իրականում ինչ է տեղի ունեցել տասնամյակներ առաջ և ինչ է կատարվում այսօր։ Ժողովածուի հրատարակությունը ևս մեկ ապացույց է, որ մեր իրավասությանն ու հայկական դատին առնչվող հարցը մեռած չենք համարում։ Միջազգային հանրությունն, ի վերջո, պետք է հասկանա, որ Թուրքիան ավելի սանձարձակ է դարձել և ցայսօր շարունակում է իր նենգ վարքագիծը, իսկ Ադրբեջանը նրա աջակցությամբ և նրան ընդօրինակելով՝ անմիջականորեն իրականացնում է ցեղասպան քաղաքականություն»,- ասաց Աղալովյանը և հավելեց, որ անհրաժեշտ է ժողովածուն թարգմանել բոլոր հնարավոր լեզուներով։

Ակադեմիկոսի կարծիքով՝ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի կյանքի կոչումը կախված կլինի այն հանգամանքից, թե մենք ինչպես կկարողանանք միջազգային հանրությանը հասկացնել պատմական իրողությունների էությունը։ Ըստ նրա՝ աշխարհաքաղաքականությունն, իհարկե, ունենալու է էական դերակատարություն, սակայն այդ հարցը մշտապես պետք է պահել օրակարգում։

«Թուրքիան և Ադրբեջանը տասնամյակներ շարունակ զբաղված են պատմությունը կեղծելով, և շատերն այսօր ընդունում են նրանց կողմից բազմաթիվ անգամ հնչեցված սուտը, իսկ մենք ճշմարտությունը չենք կարողանում ներկայացնել ինչպես հարկն է՝ ապավինելով այն մտայնությանը, թե բոլորն ինքնըստինքյան ծանոթ են պատմական իրադարձություններին և գիտեն, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Իդեալական կլիներ, եթե հայկական հարցին հետամուտ լինեին միաժամանակ և՛ Հայաստանը, և՛ սփյուռքը։ Միասնական ջանքերի համադրմամբ կարելի է հասնել ավելի մեծ արդյունքի»,- եզրափակեց ակադեմիկոսը։

  • Կիսվել: