հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի, պետք է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից. Գագիկ Սուրենյան

Հայաստանի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի, պետք է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից. Գագիկ Սուրենյան

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է՝ օգոստոսի 10-14-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +40- +42 աստիճանի, սակայն նման ջերմաստիճանը երկրում աննախադեպ երևույթ չէ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նա ընդգծում է՝ արևադարձային տաք օդի ալիք է սպասվում, որը գալիս է Արաբական թերակղզու շրջաններից, արաբական անապատներից:

«Այսօրվանից սկսած դրա ճյուղավորումները մեր տարածաշրջանի վրա են, բայց այդ ինտենսիվ ալիքը սկսելու է ներթափանցել օգոստոսի 10-ից սկսած և Հայաստանում մնալու է  մինչև օգոստոսի 14-ը ներառյալ: Երբ ասում ենք մնալու է մինչև ամսի 14-ը ներառյալ, չենք հասկանում, որ ամսի 15-ից օդի ջերմաստիճանը նվազելու է, այսինքն՝ կանխատեսումը, մթնոլորտի շրջանառության տեսանելի դաշտը մինչև օգոստոսի 14-ն է»,-նշում է Սուրենյանն ու հավելում՝ այն բերելու է  օդի ջերմաստիճանի էական բարձրացման հանրապետության ամենատաք գոտիներում՝ հատկապես  Արարատյան դաշտում, Արագածոտնի նախալեռնային հատվածներում, Արարատյան դաշտին հարող Վայոց ձորի նախալեռնային հատվածներում և մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում կհասնի մինչև +40- +42:

Սուրենյանի խոսքով՝ այդ ալիքը Հայաստանի Հանրապետությունում աննախադեպ երևույթ չէ. հատկապես վերջին տասնամյակում և՛ հուլիսին, և՛ օգոստոսին եղել են  տաք օդի ալիքներ, որոնք հանրապետությունում ապահովել են նման ջերմաստիճան:

«Այս տարի առաջին շոգերն են: Հունիս և հուլիս ամիսներին հանրապետության տարածքում սաստիկ շոգեր չեն եղել»,-շեշտում է Գագիկ Սուրենյանը:

Անդրադառնալով նման շոգի պայմաններում պաշտպանվելուն, նա նշում է, որ պետք է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից ցերեկը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում և  խուսափել ծանր ֆիզիկական աշխատանքից, օգտագործել շատ հեղուկներ:

Սուրենյանը հավելում է՝ պայմանավորված շատ բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝  Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է բարձր կարգի՝ 5-րդ աստիճանի հրդեհավտանգ իրավիճակ:

«Ազգաբնակչությանը կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները, որոնք հրապարակված են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում»,-եզրափակում է Գագիկ Սուրենյանը:

  • Կիսվել: