շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ Համավարակի ազդեցությունը․ ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ հիմնական տնտեսական ցուցանիշներում

«Հայաստանի Հանրապետություն»․ Համավարակի ազդեցությունը․ ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ հիմնական տնտեսական ցուցանիշներում

«Հայաստանի Հանրապետություն»․ «Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ հիմնական տնտեսական ցուցանիշներում ընթացիկ տարվա առաջին եռամսյակում: Նկատվե՞լ է, արդյոք, տնտեսության վրա կորոնավիրուսի համավարակի  ազդեցությունը:

Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել՝ երկրորդ եռամսյակում սոցիալ-տնտեսական արդյունքների վրա համավարակի ազդեցության հնարավոր մեղմման համար: Այդ առումով ի՞նչ դեր ունեցան ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները:

Այս հարցերի շուրջ «ՀՀ»-ն զրուցել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի հետ։ Մասնավորապես, խոսելով երկրորդ եռամսյակում սոցիալ-տնտեսական արդյունքների վրա համավարակի ազդեցության հնարավոր մեղմման համար ձեռնարկվող քայլերի մասին, նա նշել է. «Առաջին հերթին նպատակահարմար կարող է դիտարկվել բյուջետային ծախսերի մեծացումը, ինչը, բնականաբար, կհանգեցնի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին պարտքի ավելացմանը:

Որպես ծախսերի մեծացման հնարավոր աղբյուր կարող է դիտարկվել նաև փողի էմիսիան՝ որպես սահմանային մեծություն դիտարկելով միջազգային պահուստների փաստացի մեծությունը: ՀՀ կառավարությունն արդեն իսկ գործադրել է միջոցառումների մի շարք փաթեթներ, որոնցից են նաև նորարարական դրամաշնորհները, որոնք, ցանկալի կլիներ ավելի ընդլայնել:

Առանձին դեպքերում նպատակահարմար է ըստ տնտեսության ոլորտների առանձնահատկությունների դիտարկել ոչ սովորական լուծումներ: Օրինակ, շինարարության անկման հաղթահարման ուղիներից մեկը կարող է լինել 2 հերթափոխով աշխատանքը, ինչով նաև որոշակիորեն կլուծվի, մասնավորապես, արտագնա աշխատանքի չմեկնած մարդկանց զբաղվածության հարցը: Մարզերում սոցիալական աշխատանքների ծավալների ընդլայնումը կարող է նշանակալիորեն թեթևացնել ժամանակավորապես գործազուրկի կարգավիճակում հայտնվածների կամ մինչև այդ գործազուրկ մարդկանց կենսապահովման խնդիրը:

Այս մասով, աշխատուժի պահանջարկը նույնիսկ պետք է գերազանցի նրա առաջարկին: Մյուս կարևոր խնդիրը, որը հարյուրհազարավոր մարդկանց համար կենսական է, գյուղատնտեսական արտադրանքի իրացման խնդիրն է. գյուղատնտեսական աշխատանքներում զբաղվածներին հնարավորինս պետք է ազատել դժվարությամբ ստեղծված բարիքի իրացման հոգսերից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: