երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հայաստանի բանկային համակարգն ու ԿԲ-ն գնալու են այն ճանապարհով, որը ռիսկեր չի չստեղծի ՀՀ ֆինանսական համակարգի համար. Գալստյան

Հայաստանի բանկային համակարգն ու ԿԲ-ն գնալու են այն ճանապարհով, որը ռիսկեր չի չստեղծի ՀՀ ֆինանսական համակարգի համար. Գալստյան

ՀՀ ֆինանսական համակարգը խստորեն հետևում է միջազգայնորեն ընդունված բոլոր սանկցիաներին` հնարավոր խնդիրներից խուսափելու համար։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Նա նշեց, որ  վերահսկողության առաջին գիծն ապահովում են հենց հայաստանյան բանկերը։

«ՀՀ բանկային համակարգն ու Կենտրոնական բանկը հաստատակամ են, ունեն կոնսենսուս և գնալու են այն ճանապարհով, որը ռիսկեր չի չստեղծի ՀՀ ֆինանսական համակարգի համար: Բանկերն այս պահի դրությամբ թե՛ մեր հորդորով, թե՛ իրենց աշխատանքի միջոցով փորձում են լավացնել համապատասխանության ֆունկցիան, որի միջոցով մենք հենց առաջին գծով փորձում ենք պաշտպանել բանկին այդ պոտենցիալ ռիսկից։ Բանկերում, ես համոզված եմ, որ օրվա, շաբաթվա, ամսվա կտրվածքով լինում են բազում դեպքեր։ Ու մենք դրա մասին լսում ենք, բայց հակառակ կողմից։ Լսում ենք, որ այս բանկը այս հաճախորդին չսպասարկեց, հայկական բանկերը շատ խիստ են վերաբերվում հաճախորդներին, դրա համար հաճախորդները գնում են այլ երկրներ։ Այդ ամենը վկայում է, որ մեր բանկերը ճիշտ ու պատասխանատու կերպով կարողանում են արձագանքել ռիսկերին»,– ասաց Գալստյանը։

ԿԲ նախագահը հայտնեց, որ հայկական բանկերով իրականացվող ֆինանսական շարժերին ԿԲ–ն ևս հետևում է. «Այս պահի դրությամբ մեզ հայտնի է երկու դեպք` շատ փոքր դեպքեր` մի քանի հազար կամ մի քանի տասնյակ հազար դոլարի շարժերի հետ կապված, որոնք իրենց մեջ որոշակի վիճահարույց բաներ ունեն։ Շվեյցարական ֆիրմա, որի տնօրենը Ուկրաինայի քաղաքացի է և այլն։ Եղել են ինչ–որ էպիզոդներ»,– ասաց Գալստյանը։

ԿԲ նախագահը շեշտեց՝ ՀՀ ֆինանսական համակարգը պատշաճ վերահսկողության ներքո է։

 

  • Կիսվել: