շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանի ազգային գրադարանը ցուցադրությամբ մեկնարկեց Պարույր Սևակի 100-ամյակին նվիրված միջոցառումները

Հայաստանի ազգային գրադարանը ցուցադրությամբ մեկնարկեց Պարույր Սևակի 100-ամյակին նվիրված միջոցառումները

Պարույր Սևակի 100-ամյակի առթիվ փետրվարի 1-ին Հայաստանի ազգային գրադարանում ցուցադրվեցին գրողի՝ կենդանության օրոք հրատարակված գրքերը, նրա թարգմանած ու խմբագրած հրատարակություններն ու այլ նյութեր: Առաջին անգամ ցուցադրվեցին «Մարդը ափի մեջ» գրքի համար Մինաս Ավետիսյանի նկարած էսքիզների պատճենները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն,  գրականագետ Սևակ Ղազարյանը, որը Սևակի թոռն է, շեշտեց՝ ցուցադրության համար բերել է «Անլռելի զանգակատուն» պոեմը՝ ֆրանսերեն թարգմանությամբ, որը լույս է տեսել մի քանի տարի առաջ, ուկրաիներեն թարգմանություններ, նոր հրատարակություններ:

«Սևակն ինձ համար առաջին հերթին խոշորագույն մտածող էր, մարդ, որը միշտ անկեղծ էր, չէր վարանում բարձրաձայնել իր կարծիքը: Ըստ իս՝ այսօր մեզ առաջին հերթին դա է պակասում, որովհետև կարծես բոլորս իրերին միատեսակ ենք նայում: Ինչո՞ւ է Սևակը մինչ օրս արդիական, որովհետև ճշմարիտ խոսքեր է ասել, որ երբեք չեն մաշվում, չեն հնանում»,-շեշտեց Սևակ Ղազարյանը:

 Նրա խոսքով՝ հոբելյանական տարում պատրաստվում են վերահրատարակել «Մարդը ափի մեջ» ժողովածուն: «Ժամանակին, երբ զբաղվում էի ժողովածուի արխիվային նյութերով, անակնկալի եկա: Բոլորիս է հայտնի, որ «Եղիցի լույս» գիրքն է արգելվել, պարզվեց՝ «Մարդը ափի մեջ»  ժողովածուն ևս ենթարկվել  է գրաքննության: Այս տարի ամբողջական տարբերակով ենք այն դնելու ընթերցողի սեղանին մոտ  երկու, երեք տասնյակ նոր ու անտիպ գործերով»,-ասաց Ղազարյանը:

Պարույր Սևակը ծնվել է հունվարի 24-ին, սակայն ընտանիքի անդամները նրա ծնունդը տոնել են հունվարի 26-ին: Այս տարին բացառություն չի եղել: «Սևակի ծնունդից երեք օր առաջ մեռնում է Լենինը, և նորածնի ծնունդը չեն գրանցում, որովհետև երկրում սուգ է հայտարարված լինում: Ծնունդը գրանցում են 26-ին: Հունվարի 24-ին հոբելյանը նշեցինք տուն-թանգարանում կազմակերպված միջոցառմամբ, այնուհետև Համազգային թատրոնում ներկայացմամբ, իսկ հարազատներով հավաքվեցինք հունվարի 26-ին»,-պատմում է գրողի թոռն ու հավելում, որ այս տարի իր հորեղբայրը, որն 1990 թվականից ԱՄՆ-ում է եղել, ընտանիքով եկել է Հայաստան: Նրանց ընտանիքը, Սևակի կրտսեր որդու՝ Արմեն Ղազարյանի և Հրաչյա Ղազարյանի ընտանիքները միասին են տոնել մեծ գրողի 100-ամյակը:

Արվեստաբան, գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանն էլ անդրադարձավ հեղինակի գրքերին՝ նշելով, որ դրանք հեշտ ճակատագիր չեն ունեցել:  Նա հիշեցրեց, որ 1957 թվականի սեպտեմբերի 11-ից Սևակը սկսել է գրել «Անլռելի զանգակատուն» պոեմը, որն ավարտել է 1958 թվականի նոյեմբերի 21-ին: «Ավելի քան 7000 տող է: Թվում է՝ մի շնչով գրված ստեղծագործություն է: Այն  տպագրվում է 1959 թվականին: Երբ 1966-ին վերահրատարակվում է, բանաստեղծն ահագին փոփոխություններ է անում, ավելացնում է «Ղողանջ հերոսական»-ը և այլն, որովհետև մենք նաև կռվել էինք, պայքարել էինք»,-ընդգծեց Սեր-Խաչատրյանը:

Նա հետաքրքիր է համարում այն, որ գիրքը ցնցող ազդեցություն է ունեցել: «Մի ամբողջ ժողովուրդ, որ սովորել էր կոլխոզական կյանքի վեպերին՝ հողը, ոսկե վազերը և այլն, շուռ եկավ դեպի պոեզիա: Այդ գիրքը կարդում էին բոլորը դպրոցներում, համալսարաններում, ամենուր արտասանում էին»,-շեշտեց գրականագետը:

Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի խորհրդական Ներսես Հայրապետյանն էլ ուրախությամբ նշեց, գրադարանն ամփոփել է հունվար ամսվա ամենաընթերցված գրքերի տվյալները հանրային գրադարաններում ու պարզել, որ Սյունիքի, Վայոց ձորի և Կոտայքի մարզերում  Պարույր Սևակն առաջին տեղում է:

Օրերս գրադարանում քննարկվել է Պարույր Սևակի մատենագիտություն կազմելու հարցը: Ծրագրում են երեք հատոր լույս ընծայել, իսկ գրողին նվիրված միջոցառումները շարունակական կլինեն:

  • Կիսվել: