Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակը (FCDO) կանչել է Լոնդոնում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Գիորգի (Բաչո) Սագանելիձեին։ Գործակալությունը բողոքել է իր գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Թագավորության հասցեին «Վրացական երազանք»-ի արած հայտարարությունների դեմ և դրանք անվանել «կեղծ մեղադրանքներ և հրապարակային հարձակումներ», գրում է aliq.ge-ն:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյան, որի ինքնությունը չի հրապարակայնացվել, Սագանելիձեի հետ զրույցում «հստակ արտահայտել է Միացյալ Թագավորության վճռական դիրքորոշումը» Վրաստանի «աճող վնասակար հետագծի» նկատմամբ։
Գրասենյակը հրապարակել է հետևյալ տեքստը.
«Բարձրաստիճան պաշտոնյան (չի նշվում, թե` ով) հստակորեն արտահայտել է Մեծ Բրիտանիայի վճռական դիմադրությունը երկրի ավելի ու ավելի վնասակար հետագծի նկատմամբ և վճռականորեն բողոքել է «Վրացական երազանք»-ի կողմից Մեծ Բրիտանիայի և միջազգային գործընկերների դեմ ուղղված կեղծ մեղադրանքների և հրապարակային հարձակումների դեմ»։
Հայտարարության մեջ ասված է, որ ընդդիմության առաջատար առաջնորդների ձերբակալությունը Վրաստանի կառավարության կողմից ազատությունները սահմանափակելու և այլախոհությունը ճնշելու վերջին փորձն է։
«Ընտրությունների մասնակից առաջնորդների կալանքը անհամատեղելի է «Վրացական երազանք»-ի եվրատլանտյան ձգտումներին և նրանց սեփական սահմանադրական պարտավորություններին», — ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Վրաստանը Մեծ Բրիտանիայում դեսպան չունի, և դիվանագիտական առաքելությունը ղեկավարում է հենց Սագանելիձեն, որին էլ կանչել են ԱԳՆ։