հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Հայաստան 2041» հիմնադրամը մեկնարկում է «Ուժեղ Սփյուռք» ծրագիրը. հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 30-ն է

«Հայաստան 2041» հիմնադրամը մեկնարկում է «Ուժեղ Սփյուռք» ծրագիրը. հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 30-ն է

«Հայաստան 2041» հիմնադրամը հայտարարում է իր նոր՝ «Ուժեղ Սփյուռք» ծրագրի մեկնարկի մասին: Այն նպատակ ունի հզորացնելու աշխարհասփյուռ հայությանը և դրական ազդեցություն թողնելու հայկական համայնքների վրա: Ծրագիրը արտացոլում է հիմնադրամի առաքելությունը՝ հայկական ժառանգության պահպանում և աջակցություն՝ ներգրավված ու առաջընթաց ապրող հայերին Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս:

Հիմնադրամից հայտնում են, որ «Ուժեղ Սփյուռք» ծրագիրը կտրամադրի 10 դրամաշնորհ՝ յուրաքանչյուրը 10.000 ԱՄՆ դոլար, Սփյուռքում բնակվող հայերին և այն անհատներին և խմբերին, որոնք ունեն գաղափարներ, թե ինչպես պահպանել և խթանել հայկական ժառանգությունն ու լեզուն և ստեղծարար լուծումներով ներգրավել երիտասարդությանը հայկական համայնքները հզորացնող նախաձեռնություններում: Ծրագիրը նաև խրախուսում է Սփյուռքի տարբեր հատվածների միջև համագործակցությունները:

Բոլոր հետաքրքրված անձինք, որոնք ունեն համահայկական նորարար և ստեղծագործ գաղափարներ, կարող են դիմել «Ուժեղ Սփյուռք» ծրագրի դրամաշնորհին: Առաջարկվող նախագծերը  պետք է ուղղված լինեն հետևյալ նպատակներին.

Պահպանել և խթանել հայկական ժառանգությունը

Աջակցել հայկական մշակույթի զարգացմանն ու տարածմանը

Խրախուսել հայոց լեզվի օգտագործումը

Ստեղծել մասնագիտական զարգացման և ձեռներեցության հնարավորորություններ երիտասարդների համար

Ամրապնդել կապը Սփյուռքի և Հայաստանի միջև

Ստեղծել ծրագրեր, որոնք կհզորացնեն հայակական համայնքները

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024 թ. հունիսի 30-ն է, որից հետո ընտրված 20  մասնակիցներ հնարավորություն կունենան սերտ համագործակցել 10 հաջողակ և  ձեռքբերումներ  ունեցող հայ մենթորների հետ, որոնք կլինեն մասնակիցների խորհրդատուները: Յուրաքանչյուր մենթոր կաշխատի երկու հայտատուի հետ՝ օգնելով նրանց ավելի լավ մշակված ծրագիր առաջարկել և ստեղծել մրցունակ տեսանյութ՝ նախագծի ընտրության վերջին փուլի համար: Այնուհետև նախապես ձևավորված հանձնաժողովը կառաջարկի, իսկ «Հայաստան 2041»-ի խորհուրդը կընտրի հաղթողներին, որոնցից յուրաքանչյուրը կստանա 10.000 ԱՄՆ դոլար  դրամաշնորհ՝ իրագործելու ներկայացված ծրագիրը: 

«Հայաստան 2041» հիմնադրամի մասին

«Հայաստան 2041» հիմնադրամի նպատակն է ապահովել Հայաստանի և հայերի զարգացումը՝ ընդհանուր առմամբ: «Հայաստան 2041» հիմնադրամը, որպես հարթակ, բաղկացած է մի շարք նախագծերից, որոնք կոչված են հավաքականորեն ապահովելու Հայաստանի ապագան և երկիրը վերածելու բարգավաճ ու առաջադեմ պետության, որը կկարողանա իր արժանի տեղը գրավել աշխարհում։ Այն նպատակ ունի ըմբռնման համընդհանուր շրջանակ ստեղծելու Հայաստանի՝ որպես երկրի, և հայության՝ որպես ազգի կայուն զարգացման շուրջ։

  • Կիսվել: