կիրակի, օգոստոս 16
16 / 8 / 2026
«ՀայաՔվե»-ն  օրենսդրական նախաձեռնությունը մուտքագրեց Ազգային ժողով

«ՀայաՔվե»-ն օրենսդրական նախաձեռնությունը մուտքագրեց Ազգային ժողով

«ՀայաՔվե»-ն անհրաժեշտ 50 հազար ստորագրությունը հավաքել է և այսօր ԱԺ է մուտքագրում կից նախագիծը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

«Բնականաբար, շատերի մոտ հարց է առաջանում, թե Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիայի և այնտեղ իրականացված էթնիկ զտումներից հետո որքանո՞վ  է արդիական մնում այս օրենքի նախագիծը։ Կարծում ենք, որ արդիական է և հետևյալ բացատրությունն ենք տալիս։ Այն, ինչ տեղի է ունեցել Արցախում, դա միջազգային  իրավունքի կոպտագույն խախտում է։ Հասկանալի է, որ Արցախն իրականում հանդիսացել է միջազգային իրավունքի սուբյեկտ, երկար տարիներ եղել է բանակցությունների կողմ, Արցախի կարգավիճակի հետ կապված եղել են Մադրիդյան սկզբունքներ, որոնք մշակվել են Մինսկի խմբի համանախագահների կողմից, ուստի Արցախը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, չի կարող պարզապես վերանալ էթնիկ զտման արդյունքում», - ասաց նա։

Չալաբյանի պնդմամբ՝ ՀՀ որևէ իշխանավոր իրավունք չունի իր որևէ գործողությամբ ամրագրել Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունները.«Այն, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, ցեղասպանությանը հանցակցություն և մաքրագործություն է։ Մենք և այն 50 հազար քաղաքացիները, որոնք աջակցել են նախաձեռնությանը, պետք է շարունակեն պայքարը, որպեսզի թույլ չտան Ադրբեջանի իրականացրած ցեղասպանության արդյունքում ստեղծված իրավիճակն ամրագրել»։

  • Կիսվել: