կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հավատում եմ, որ մեր նահատակների զորեղ բարեխոսությամբ վերականգնելու ենք մեր հզորությունը․ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան

Հավատում եմ, որ մեր նահատակների զորեղ բարեխոսությամբ վերականգնելու ենք մեր հզորությունը․ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը գրել է․

«Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռի Գանձատնից դուրս են բերվել սրբոց մասունքները, որոնք վաղը՝ որպես  ԼՈՒՍՈ ԽՈՐԱՆ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ճառագայթներ, պետք է սփռվեն Հայոց աշխարհում: Պետք է ճառագայթեն և իրենցից բաշխվող աստվածային զորությամբ լուսավորն ու սրբագործեն ի Հայաստան բնակվող հայության միտքը, սիրտն ու հոգին:

Ծանր վիշտ ենք ապրում ամենքս... Ծանրագույն են կորուստները, որոնք, սակայն, վերականգնելի են: Այո, երիցս, այո:

Կանգնած աստվածակառույց Սուրբ Էջմիածնի լուսեղեն Տաճարի առջև՝ հավատում եմ, որ մեր նահատակների զորեղ բարեխոսությամբ վերականգնելու ենք մեր հզորությունը և նորեն վերատիրելու ենք մեր Հայկական լեռնաշխարհին. տիրելու ենք ոչ թե սոսկական հողին, այլ՝ աճելով բազմացած Հայոց ազգն է վերահաստատվելու իր բնիկ Հայրենիքում: Մեր բոլոր թշնամիք անպայմանորեն խորտակվելու են. այլ կերպ հնարավոր չէ: Աստված մեզ հետ է, հարկ է, որ մենք էլ լինեն մեր Ամենազոր Աստծո հետ:
Հայոց Հայրապետի մասնավոր հոգածությամբ դուրս բերված սրբոց մասունքները՝ որպես կենդանի սուրբեր մեզ համար բարեխոսներ են: Վաղը նրանք էլ մեզ հետ բախելու են Երկնքի դռները և մեր սրտագին աղոթքները մատուցելու են մեր Արարիչ Աստծուն:

Սիրելիներ,

Վաղը մեր հավատքի, մեր հոգևոր արթնության, արիության և զորության մի կարևոր վկայության օր է: Իմ խնդրանքն է, հորդորը, որ գտնենք ժամանակ և ուխտի ելնենք դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Այստեղ՝ Բաց Խորանում, Սբ Տրդատ Մեծ արքայի խորանում մատուցվելու է Սուրբ Պատարագ և աստվածամուխ Սբ Գեղարդով կատարվելու է օրհնության կարգ

Որքա՜ն խորհրդանշական է, որ Տիրոջ առաջ ներկայանալու ենք՝ Սբ Տրդատ Մեծ արքայի խորանի առջև կանգնելով:

Սբ Տրդատ Մեծ արքան և Սբ Գրիգոր Լուսավորիչ Մեծ հայրապետն ընդմիշտ բարեխոս են իրենց կերտած ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅՔԻ համար:

Եկեք, սիրելի հայեր, եկեք և ծովացրեք ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆԸ, որպեսզի նորեն լծվենք հայրենաշինության սուրբ գործին և ի լուր այս մութ աշխարհի ցոլացնենք մեր Սուրբ Հավատքի լույսը և մեր հզոր բազկի ուժը:

Թող Ամենակալ Աստված մեզ լինի ապավեն և մարտակից:

ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՎԱԾ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆԸ ԳՐԿԱԲԱՑ Է, ՆԱ ՁԵԶ Է ՍՊԱՍՈՒՄ»։ 

  • Կիսվել: