Հաճախ տրվող հարցեր և պատասխաններ՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման վերաբերյալ
Հաճախ տրվող հարցեր և պատասխաններ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման վերաբերյալ:
Ու՞մ է վերաբերում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառումը`
Միջոցառման շահառու կարող են հանդիսանալ 2-100 վարձու աշխատող ունեցող ՀՀ տարածքում պետական գրանցում ստացած այն իրավաբանական անձինք կամ հաշվառված անհատ ձեռնարկատերերը, որոնց
2020 թվականի մայիս ամսվա աշխատակիցների թիվը գերազանցում է (հավասար է) 2020թ. մարտ և ապրիլ ամիսների համար հայտարարագրված աշխատակիցների թիվը, և
2020 թվականի մայիս ամսվա աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների մեծությունը գերազանցում է (կամ հավասար է) 2020թ. մարտ և ապրիլ ամիսներին հաշվարկված եկամուտների մեծության 95 տոկոսը:
Ովքե՞ր չեն կարող համարվել միջոցառման շահառուներ`
Սույն աջակցությունից չեն կարող օգտվել ֆինանասական, ապահովագրական, շահումով խաղերի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունները, ինչպես նաև կառավարչական մարմինները, հասարակական կազմակերպությունները, հիմադրամները և ոչ առևտրային կազմակերպությունները:
Ինչպե՞ս է հաշվարկվելու աշխատողների թվաքանակը և վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների մեծությունը միջոցառման շահառուներին որոշելու համար`
2020թ. մարտ, ապրիլ և մայիս ամիսների աշխատողների թվաքանակը և վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների մեծությունը հաշվարկվելու է համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներով արտացոլված տվյալների հիման վրա: Այսպես, hաշվարկված եկամուտներ են համարվելու վերոնշյալ հաշվարկներով արտացոլված հետևյալ եկամուտների հանրագումարը.
Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումները (1.6 սյունակ)
Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի վարձատրությունը (1.7 սյունակ)
Այլ հարկման բազան (բացի նպաստներից) (1.8 սյունակ)
Հարկման բազայի նվազեցման գումարը (1.9 սյունակ)
Աշխատողների թվաքանակը որոշվելու է թվարկված եկամուտները (զրոյից մեծ) ապահոված աշխատողների թվաքանակով:
Ինչպե՞ս է հաշվարկվելու պետության կողմից տրամադրվող աջակցությունը`
Մինչև 5 աշխատող ունեցող տնտեսավարող սուբյեկտների դեպքում` տրամադրվող աջակցության չափը որոշելու համար 2020 թվականի մայիս ամսվա համար հաշվարկված եկամուտների հանրագումարը բաժանվում է աշխատողների թվին:
5 և ավել աշխատողների թվաքանակ ունեցող տնտեսավարող սուբյեկտների դեպքում՝ տրամադրվող աջակցության չափը որոշելու համար՝
2020 թ. մայիս ամսվա համար հաշվարկված եկամուտների հանրագումարը բաժանվում է աշխատողների թվին
աշխատողների ընդհանուր թիվը բաժանվում է 5-ի՝ կլորացումով դեպի ներքև
հաշվարկվում է նախորդ 2 պարբերությունների արդյունքների արտադրյալը և կլորացվում մինչև միավոր:
Ինչպե՞ս պետք է դիմել աջակցության ծրագրից օգտվելու համար`
Միջոցառման պայմաններին բավարարող և շահառու համարված տնտեսվարողները` 2020 թվականի մայիս ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ծանուցվում են ծրագրի շահառու հանդիսանալու մասին, որից հետո էլեկտրոնային եղանակով պետք է դիմում ներկայացնել ՊԵԿ:
Դիմումի ձևը տեղադրված է հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում` https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf:
Ինչպե՞ս լրացնել դիմումի ձևը ծանուցում ստանալուց հետո`
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում` https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf տեղադրված 269 համարի ձևաթղթում անհրաժեշտ է ընտրել բանկի անվանումը և լրացնել շահառուին պատկանող բանկային հաշվի համարը:
Բանկային հաշվի բացակայության դեպքում անհրաժեշտ է լրացնել դիմումի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված անձը հաստատող փաստաթղթի տվյալները, որոնց հիման վրա ՊԵԿ-ի կողմից կազմվելու է վճարման ցուցակ և ուղարկվելու է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ` միջոցառման շահառուներին վճարումն ապահովելու համար:
Արդո՞ք կարելի դիմումը ուղարկել սահմանված ժամկետից ուշ`
Ոչ: Դիմումներն անհրաժեշտ է ուղարկել մինչև 2020թ. հուլիսի 10-ը ներառյալ: Սահմանված ժամկետուց ուշ դիմումներն ուղարկել հնարավոր չէ