շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հարկավոր է ունենալ գոնե 3 լաբորատոր հետազոտությունների արդյունք. «Բիոկաթ»-ի արձագանքը

Հարկավոր է ունենալ գոնե 3 լաբորատոր հետազոտությունների արդյունք. «Բիոկաթ»-ի արձագանքը

Մարտի 15-ին «Հետք»-ը հոդված էր հրապարակել, որտեղ ներկայացրել էինք տեղական արտադրության 10 ընկերության կաթնաշոռների փորձաքննության արդյունքները։  Փորձաքննությամբ պարզվել էր, որ  10 նմուշից միայն 2-ն են համապատասխանել սահմանված նորմերին։ 

3-րդ համարի տակ փորձաքննության էր ներկայացվել «Բիոկաթ» ընկերության կաթնաշոռը, որը նույնպես չէր համապատասխանել սահմանաված նորմերին. կաթնաշոռում առկա են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։

Բացի այդ, այն պարունակում է մեծ քանակությամբ (այնքան շատ է, որ այլևս չեն հաշվում)) բորբոսասնկեր և խմորասնկեր։

Երեկ ընկերությունն արձագանքել է «Հետք»-ի հրապարակմանը. պատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

«Հարգելի սպառողներ,

Սույն թվականի մարտի 15-ին համացանցից տեղեկացանք, որ 2023թ.-ի մարտի 2-ին «Հետք» լրատվական կայքը փորձաքննության է տարել շուկայում լայն սպառում ունեցող կաթնաշոռի 10 նմուշ, որոնցից մեծ մասում հայտնաբերվել են խախտումներ՝ այդ թվում «Բիոկաթ» ՍՊԸ կողմից արտադրված կաթնաշոռում։

Կասկածի տակ չդնելով թե՜ «Հետք» լրատվականի բարի նպատակներն ու անաչառությունը, թե՜ «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիայի բարձր պրոֆեսիոնալիզմը, ցանկանում ենք հայտարարել, որ «Բիոկաթ» ՍՊԸ-ն 2003թ.-ից զբաղվում է կաթնամթերքի արտադրությամբ:

Ստեղծված օրվանից ի վեր մեր առաջնային և գլխավոր խնդիրն է եղել մեր սպառողին ապահովել անարատ և բարձրորակ կաթնամթերքով։ Ցանկացած խմբաքանակ շուկա դուրս գալուց առաջ ենթարկվում է լաբորատոր մանրազնին հետազոտության մեր իսկ լաբորատորիայի կողմից և մթերքի նման ցուցանիշների թույլատրելի քանակների շեղումը կարող է հետևանք հանդիսանալ մթերքի վաճառքի երկրորդ կամ հետագա փուլերում ջերմային ռեժիմի խախտման։

Կարևոր ենք համարում նաև հիշատակել «Հետք»-ի այն հրապարակումը, որ 15.03.2023թ.-ին լաբորատոր փորձարկումների արդյունքները հրապարակելու պահին նմուշները եղել են վաճառված և ժամկետանց, որը մեզ հնարավորություն չի տվել դրանք ենթարկել կրկնակի փորձաքննության։

Կից ներկայացնում ենք հատված «Սպառողների ազգային ասոցիացիա»-ի հայտարարությունից՝  Հարգելի՛ սպառողներ, ինչպես նաև hetq.am-ի ներկայացուցիչնե՛ր, տեղեկացնում ենք, որ նման տեղեկատվություն տարածելուց առաջ, համաձայն կանոնակարգի, հարկավոր է ունենալ գոնե 3 լաբորատոր հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև պահպանել նմուշների կապարակնքված տարբերակները:

Հարգանքով՝ «ԲԻՈԿԱԹ» ՍՊԸ

  • Կիսվել: