ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը ներկայացրել է իրականացվելիք ծրագրերը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը ներկայացրել է իրականացվելիք ծրագրերը

2024 թվականին կառույցին նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 117 մլն դրամ, որից 82 տոկոսը հատկացվելու է աշխատավարձերի վճարմանը, իսկ մնացած 18 տոկոսը` կառույցի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ ծառայությունների և ապրանքների ձեռքբերմանը, ընդ որում՝ 7 տոկոսն ուղղվելու է ՀԷՑ-ի և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների կողմից իրականացվող ներդրումների տեխնիկական աուդիտի ձեռքբերմանը: Այս մասին հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: 

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 31-ին շարունակվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը:

Գարեգին Բաղրամյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը 2024 թվականին առաջնորդվելու է իր գործունեության ծրագրով, որն արդեն ներկայացվել է ԱԺ-ին: Տարեվերջին կհաստատվի նաև աշխատանքային ծրագիրը: Գալիք տարում կշարունակվեն իրականացվել լիցենզիաների տրամադրման, դրանց փոփոխությունների իրականացման, դիմում-հայտերի ուսումնասիրման, և ըստ անհրաժեշտության` սակագների վերանայման և այլ աշխատանքներ:

Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է իրականացվելիք ծրագրերը, պատասխանել պատգամավորների հարցերին:

Պատգամավորները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ուշադրությունը հրավիրել են «Վեոլիա ջուր» ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման թերացումների, մասնավորապես, բազմաթիվ գյուղական բնակավայրերի` խմելու ջրից զրկված լինելու, ջրի կորստի, առկա այլ խնդիրների վրա: Նշվել է, որ քաղաքացիների բողոքներն այս կապակցությամբ բազմաթիվ են: Պատգամավորներն անթույլատրելի են համարել ընկերության նման աշխատելաոճը: Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նշել է, որ ընկերությունն ընդամենը պետք է համայնքներում ներդրումներ անի, տեղադրի ջրաչափեր և վերացնի անարդարությունը` հասանելի դարձնելով խմելու ջուրը բոլորին հավասարապես:

Գարեգին Բաղրամյանը պարզաբանել է, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը վարձակալել է ջրամատակարարման համակարգը և ունի պարտադիր կատարման ենթակա ներդրումներ` տարեկան մոտ 3,7 մլրդ դրամի չափով: Ընկերությունը տարեկան ներդրումների չափը հասցնում է 4-5 մլրդ-ի: Նրա խոսքով սա կաթիլ է ծովում, ներդրումներն էլ հիմնականում պետք է ուղղվեն հրատապ լուծում պահանջող հարցերի լուծմանը, վթարների վերացմանը: «Իսկ ներդրումների պահանջը հիմնականում դրված է Ջրային կոմիտեի և պետության վրա»,- ասել է բանախոսը՝ տալով պարզաբանումներ:

Պատգամավորներ Գևորգ Պապոյանը և Արուսյակ Մանավազյանը ներկայացրել են խնդիրներ, որոնք առնչվում էին բազմաբնակարան շենքերի ջրամատակարարմանը, ինչպես նաև Փարաքար համայնքի Արարատյան փողոցի ջրահեռացման հարցի կարգավորմանը, «Վեոլիա ջուր» ընկերության անհասանելիությանը:

  • Կիսվել: