հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հանրային մուլտիպլեքսում ներառված տեսալսողական ծրագրերի հեռարձակման համար առաջարկվում է սահմանել միասնական հերթականություն

Հանրային մուլտիպլեքսում ներառված տեսալսողական ծրագրերի հեռարձակման համար առաջարկվում է սահմանել միասնական հերթականություն

Պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Նարեկ Բաբայանը և Հակոբ Ասլանյանն առաջարկում են միասնական կիրառություն սահմանել հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերի հեռարձակման հերթականության համար` անկախ սփռման տարածքից, օպերատորից և հեռարձակողից:

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող կարգավորումները:

Առաջարկվում է հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերը եթեր հեռարձակել հետևյալ հերթականությամբ`

1) Հանրային հեռարձակողների տեսալսողական ծրագրերը, բացառությամբ` սլոթի օգտագործման լիցենզիայով գործող հանրային հեռարձակողների,

2) հանրապետական սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած հեռարձակողների տեսալսողական ծրագրերը,

3) մայրաքաղաքային սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած հեռարձակողների տեսալսողական ծրագրերը,

4) մարզային սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած հեռարձակողների տեսալսողական ծրագրերը,

5) սլոթի օգտագործման լիցենզիա ստացած հանրային հեռարձակողները,

6) միջպետական պայմանագրի հիման վրա հեռարձակողների տեսալսողական ծրագրերը,

7) հեղինակազորված հեռարձակողների տեսալսողական ծրագրերը:

Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ նախատեսվող կարգավորումն ուղղված է հեռուստաընկերությունների իրավունքների պաշտպանությանը և քաղաքացիների` տեղեկություն ստանալու իրավունքի մատչելիության ապահովմանը:

  • Կիսվել: