կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Հանրային Խորհրդի նախագահը հանդես է եկել ի պաշտպանություն վարչապետի

Հանրային Խորհրդի նախագահը հանդես է եկել ի պաշտպանություն վարչապետի

Հանրային Խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը առաջինը շտապեց օգնության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի քննադատություններին այն բանից հետո, երբ վերջինս Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի «ծառայություններ մատուցելու առաջարկներին» որպես ապացույց ներկայացրեց Թովմասյանի կողմից իրեն նվիրած գրիչը։

«Բոլոր նրանք, ովքեր ցանկացել են սեփական նախաձեռնությամբ հանդիպել Վարչապետին, լավ գիտեն, թե ում են զանգահարում, գրում կամ դիմում։ Հետաքրքիր է, թե ո՞ւմ է դիմել Հրայր Թովմասյանը հանդիպելու համար, կամ ո՞վ է եղել նրա "ուղերձ փոխանցողը", ինչի մասին ակնարկվում է Փաշինյանի գրառման մեջ։ Փաստորեն, Հրայր Թովմասյանը կարողանում է ոչ միայն 530 եվրո արժողությամբ գրիչ ունենալ, այլ "պատահաբար" նվիրում է վարչապետին․․․»,- գրել է Սաֆարյանը ֆեյսբուքում, ավելացնելով․ «Սաունդտրեկը տեսանք, մնաց կինոն։ Չգիտեմ, թե ինչ ունի վարչապետը, բայց կարծեք թե շատ հեռվից է մոտենում»։

Ապա նա ներկայացրել է ուշագրավ ակնարկ-ժամանակագրություն, նորից հնչեցնելով, թե ով է եղել Փաշինյանի և Թովմասյանի միջև միջնորդը․ "15․01․2020թ․ Արթուր Վանեցյան․ «Ամիսներ առաջ իմ զգուշացումը երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ առնչվում էին նաեւ Սահմանադրական դատարանի շուրջ այն օրերից սկսած եւ մինչ օրս շարունակվող իրադարձություններին»:

15․01․2020թ․ Հրայր Թովմասյան, «Նախկին ԱԱԾ տնօրենը դրա վերաբերյալ ակնարկ արեց, ես հուսով եմ, ես վստահ եմ, որ իր սպայի պատիվը թույլ չի տա, որ ինքն այդ ամբողջի մասին լռի և այս ամբողջ պրոցեսները՝ երբ են սկսել, ոնց է սկսվել, ԻՆՁ ՀԵՏ ԻՆՉ ԵՆ ԽՈՍԵԼ, այդ ամենը կդառնա հանրության սեփականություն։ Եթե առ այսօր ես դրա մասին լռում եմ, միայն իմ երկրի հեղինակությամբ է պայմանավորված»։

26․01․2020թ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյան, «Ինչեւէ, հետո սկսեցին ինձ մոտ ընդունելության գալու հայտերը: ՉԸՆԴՈՒՆԵՑԻ: Հետո մոտենում էր հուլիսի 5-ը: Սկսվեցին «ՄԵՍԻՋ-ԽՆԴՐԱՆՔՆԵՐ», որ այդ օրը մասնակցեմ ՍԴ-ում կայանալիք ընդունելությանը: Մերժեցի, ընդ որում՝ մի քանի անգամ, որովհետեւ հասկանում էի, որ ՍԴ-ն օկուպացրած անձը այդպիսով լեգիտիմություն է ուզում ձեռքբերել":

Ո՞վ է եղել "մեսիջ-խնդրանքները" տանող միջնորդը, եթե Փաշինյանը Հրայր Թովմասյանին անձամբ չի ընդունել, իսկ Թովմասյանն էլ ակնարկում է, որ իր հետ "ինչ են խոսել"․․․"

 

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում իր ասուլիսի ժամանակ հավաստիացրել էր, որ Հրայր Թովմասյանը բազմիցս է իրեն առաջարկել իր ծառայությունները, սակայն վարչապետը հրաժարվել է դրանցից։

Ի պատասխան դրան Թովմասյանը վարչապետին 20 ժամանակ տվեց ապացուցելու իր խոսքերը, այլապես նա կդիմի Փաշինյաի դեմ դատարան զրպարտության հայցով։

Վարչապետը Կապանից "մեսեջ" ուղարկեց, խոստանալով Երևան վերադառնալուն պես ներկայացնել շատ "հուժկու" փաստարկներ։ "Միայն թե ինձ չմեղադրեք, որ հարվածը շատ ուժեղ էր։ Ես չէի ուզում դուք ստիպեցիք",- գրել էր վարչապետը իր ֆեյսբուքյան էջում։ 

Կապանից վերադառնալուն պես, վարչապետը, ինչպես և խոստացել էր ներկայացրեց այդ "օբյեկտիվ և արժանահավատ" փաստը, որը ինչպես պարզվեց Հրայր Թովմասյանի գրիչն էր, որը վերջինս մի միջոցառման ժամանակ տվել էր վարչապետին, ապա հրաժարվել հետ վերցնել։  Վարչապետը դա ընդունել էր, որպես Թովմասյանի կողմից «քծնանքի նշան»։

Նշենք, որ Փաշինյանի այս գրառումը արժանացավ ֆեյսբուքյան օգտատերերի բացասական արձագանքին։ Ոմանք գրեցին, որ վարչապետին հարիր չէր մանրանալ «գրիչը, որպես փաստական ապացույց» ներկայացնելու մակարդակի։ Ոմանք այդ փաստին վերաբերվեցին բացահայտ սարկազմով։   

Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանն էլ այս առիթով իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը»։

 

 

 

 

  • Կիսվել: