երկուշաբթի, հունիս 15
15 / 6 / 2026
Հանրային խորհրդի հանձնաժողովը փաստեր կհավաքի 1991 թ. սեպտեմբերից մինչև 2022 թ. ներառյալ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ. «Փաստ»

Հանրային խորհրդի հանձնաժողովը փաստեր կհավաքի 1991 թ. սեպտեմբերից մինչև 2022 թ. ներառյալ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Հանրային խորհրդի մասին» օրենքում: Այսպիսով՝ Խորհրդի շրջանակներում գործելու է Փաստահավաք հանձնաժողով: Այն փաստեր է հավաքելու և ուսումնասիրություններ կատարելու 1991 թ. սեպտեմբերից մինչև 2022 թ. ներառյալ տեղի ունեցած դեպքերի և իրադարձությունների շրջանակում կամ դրանց հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ:

Փաստահավաք հանձնաժողովի կողմից ուսումնասիրվող դեպքերը և իրադարձությունները պետք է ներառեն համապետական և ՏԻՄ ընտրությունների և հանրաքվեների կազմակերպում և անցկացում, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումներ, անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսևորումներ, ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքեր և այլն:

Ուսումնասիրությունների ընթացքում Փաստահավաք հանձնաժողովը լիազորված է անձից ստանալ տեղեկություններ, կազմակերպել այցելություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ստորաբաժանումների գտնվելու վայրեր, այս մարմիններից կամ դրանց պաշտոնատար անձանցից օրենքով պահպանվող գաղտնիքի վերաբերյալ օրենսդրության սահմաններում պահանջել և ստանալ դեպքերին, իրադարձություններին և խախտումներին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր, բացառությամբ դատարանների ու դատավորների, պահանջել և ստանալ դեպքերի և իրադարձությունների վերաբերյալ պարզաբանումներ և այլ: Ծանոթանալ քրեական, քաղաքացիական, վարչական և կարգապահական իրավախախտումների վերաբերյալ այն գործերին, որոնց վերաբերյալ դատավճիռները, վճիռները և որոշումներն օրինական ուժի մեջ են մտել, ինչպես նաև այն նյութերին, որոնց կապակցությամբ մերժվել է այդ գործերի հարուցումը և իրականացնելու այլ գործողություններ ևս:

 

Փաստահավաք հանձնաժողովը գործելու է մինչև իր եզրափակիչ զեկույցի հրապարակումը, որի համար սահմանված է երկու տարի ժամկետ: Այդ ընթացքում կանցկացվեն նիստեր, տեղի կունենան քննարկումներ, կհրապարակվեն զեկույցներ: Եզրափակիչ զեկույցը Հանրային խորհրդի հաստատումից հետո կներկայացվի կառավարությանը և ԱԺ խմբակցություններին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: