ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հանրապետությունում ստեղծվել է ծանր վիճակ, կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք․ Փաշինյան

Հանրապետությունում ստեղծվել է ծանր վիճակ, կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք․ Փաշինյան

Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված հանրապետությունում ստեղծվել է բավականին ծանր իրավիճակ։ Այս մասին գործադիրի այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյան։

Նրա խոսքով, գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ։

«Այս իրավիճակի ամենակարևոր առաձնահատկությունն այն է, որ մենք, ըստ էության, գիտենք այն ձևը, որով կարող ենք կորոնավիրուսի ցուցանիշները հասցնել զրոյականի։ Այս ընթացքում պարետատունը հաստատել է ոլորտային անվտանգության կանոններ։ Մենք խնդիր ենք դրել, որ այդ ոլորտային կանոններից դուրս բերենք համընդհանուր կանոն և փորձել ենք դա հնարավորինս պարզեցնել, որպեսզի  քաղաքացիների համար այն պարզ և կիրառելի լինի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ այդմ, ինչպես նշեց վարչապետը, մասնագետների հետ երկարատև խորհրդակցությունների արդյունքում եկել են եզրակացության, որ կորոնավիրուսի  ցուցանիշները զրոյացնելու համար անհրաժեշտ է կիրառել 3 պարզ կանոն՝ կրել դիմակ, պարբերաբար ախտահանել կամ լվանալ ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորությունը:

«Մեր հիմնական խնդիրը մնում է այս կանոնների պահպանումը»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը կարևորելով հանրայյին վարքագծի փոփոխությունը՝ նշեց, որ այն պետք է համարժեք լինի իրավիճակին։

«Մեր խնդիրն է սովորել ապրել կորոնավիրուսի համավարակին զուգահեռ: Այսօրվա մեր թվերը ցույց են տալիս, որ մենք, ցավոք սրտի, դեռ չենք սովորել դա: Ակնհայտ է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում կորոնավիրուսը ներկա է լինելու, և մենք անընդհատ ունենալու ենք ոչ միայն տեղական, այլ նաև համաշխարհային կորոնավիրուսի հետ հաղորդակցություն»,- նշեց նա։

Փաշինյանը նաև ասաց՝ խնդիր կա նաև այն առումով, որ բազմաթիվ հայրենակիցներ են վերադառնում Հայաստան, նրանց շարքերում լինում են և հետագայում էլ կլինեն վարակվածներ.

«Եթե մենք չկարողանանք հանրային վարքագծով կանխել կորոնավիրուսի տարածումը, ապա անընդհատ կանգնելու ենք նման իրավիճակի առաջ: Մեր խնդիրն է ապահովել կանոնների պահպանումը, ինչը պետք է անենք երկու մեթոդով՝ հանրային հաղորդակցում և վարչական մեթոդ»։

Ըստ վարչապետի, պարետատան երեկվա նիստում որոշել են, որ ամենօրյա ռեժիմով պետք է խստացնեն վարչական հարկադրանքի մեթոդները, որպեսզի քաղաքացիները՝ առանց բացառության, կիրառեն դրանք:

  • Կիսվել: