հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հանրապետության որոշ հատվածներում կան ավտոմեքենաների կուտակումներ. ի՞նչ է արվում պատասխանատու կառույցի կողմից

Հանրապետության որոշ հատվածներում կան ավտոմեքենաների կուտակումներ. ի՞նչ է արվում պատասխանատու կառույցի կողմից

Հանրապետությունում ձյան տեսքով տեղումնառատ եղանակն անակնկալի էր բերել ճանապարհները մաքրող կապալառու կազմակերպություններին: Եղել են այնպիսի իրավիճակներ, երբ արդեն մաքրվածը հատվածները շատ արագ կրկին փակվել են: Հրավիրված ասուլիսում «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ»-ի Ճանապարհների պահպանման ու շահագործման բաժնի պետ Գոռ Մարգարյանը նշեց, որ խնդիրը միայն առատ տեղումները չէին: Դրանք ուղեկցվում էին ուժեղ քամիներով: Եվ հանրապետության բոլոր մարզերում եղել է ձնաբուք: Այդ ընթացքում ճանապարհների մաքրման համար պատասխանատու բոլոր կազմակերպություններն իրենց ամբողջական ռեսուրսով գործի մեջ են եղել:

«Բավական դժվարություններ ու բարդություններ եղան որոշ ճանապարհահատվածների մաքրման աշխատանքներում: Ձնաբքերն այնպիսին էին, որ որոշ տեղերում ստիպված ենք եղել փակել ճանապարհները երթևեկության համար, որովհետև տեխնիկան պարզապես չէր կարողանում աշխատել: Բոլոր մարզերում են եղել դժվարություններ, սակայն առավել բարդ իրավիճակը, ձնաբքերով, առատ տեղումներով պայմանավորված, եղել են Սյունիքում, Վայոց ձորում, Լոռիում, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում»,-ասաց Գոռ Մարգարյանը:

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների սպասարկման աշխատանքներն ընդհանուր իրականացնում են 33 կապալառու կազմակերպություններ: Այս ընթացքում եղել են կապալառու կազմակերպություններ, որոնք թերացել են իրենց աշխատանքներում: Մասնավորապես, Լոռու մարզում ճանապարհները սպասարկող կազմակերպություններն արագ չեն արձագանքել ստեղծված իրավիճակին: «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ»-ն արձանագրել է բացերը, կազմվել է արձանագրություն, այժմ կատարում է մշտադիտարկում:

Գոռ Մարգարյանը տեղեկացրեց, որ դեռ կան փակ, դժվարանցանելի ճանապարհներ: Կապան-Տաթև ճանապարհահատվածն այս պահին մարդատար տրանսպորտային միջոցների համար բացվել է: Այնտեղ կան մեքենաների կուտակումներ և ճանապարհային ոստիկանության ուղեկցությամբ ուղղորդվում են այլ տարածքներ: Աշխատանքներ են տարվում բեռնատար ավտոմեքենաների համար ևս ճանապարհն անցանելի դարձնելու ուղղությամբ: Կուտակված մեքենաների թվում կան ինչպես բեռնատարներ, այնպես էլ զբոսաշրջային ավտոբուսներ:  Արդեն եղել են զբոսաշրջային խմբեր, որոնք ուղեկցվել են Երևան:

Կցորդով մեքենաների կուտակումներ կան Ոսկեվան-Ջուջևան հատվածում, սակայն ամեն ինչ արվում է, որ ժամերի ընթացքում այն երթևեկելի դառնա: Զանգեր կոչվող հատվածում մի քանի օր կուտակումներ եղել են, սակայն արդեն այդտեղ խնդիրը լուծված է: 

«Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ»-ը հորդորում է վարորդներին երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով:

  • Կիսվել: