շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հանրապետության հրապարակի շենքերի մեծ տրամաչափի անցքերը 2022թ․ ամանորյա լուսավորության հետևանքով չեն․ քաղաքապետարան

Հանրապետության հրապարակի շենքերի մեծ տրամաչափի անցքերը 2022թ․ ամանորյա լուսավորության հետևանքով չեն․ քաղաքապետարան

Հանրապետության հրապարակի շենքերի մեծ տրամաչափի անցքերը, քարերի վնասվածքներն ու մեխերը անցյալ տարի անցկացված ամանորյա լուսավորության հետևանքը չեն: Այդ մասին փաստում են համացանցում առկա արխիվային լուսանկարները։ Թեմային անդրադարձել է Երևանի քաղաքապետարանը:

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը տեղում հերթով անդրադառնում է լրատվամիջոցներում հրապարակված կադրերին։

«2016 թվականի քարտեզում պարզ երևում են այն անցքերը, որոնք կան նաև այսօր: Հետևաբար դրանք չէին կարող նախորդ տարի արվել: Բացի այդ, տվյալ հատվածում լուսավորություն չի անցկացվել»,-նշում է Սուրեն Գրիգորյանը:

Ամանորյա ձևավորման համար 2022թ․ շենքերի վրա բացված բոլոր անցքերը խնամքով փակվել են` օգտագործելով նույն քարի հատուկ փոշի։ Այսօր շատ դեպքերում դժվար է անգամ գտնել ու տարբերակել՝ եղե˚լ է արդյոք տվյալ հատվածում միջամտություն, թե՝ ոչ։

ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հայկ Ասատրյանը նշում է, թեև իր կարծիքով հրապարակի շենքերը լրացուցիչ հատուկ լուսավորության կարիք չունեն, բայց նաև շենքերի վրայի միջամտությունները նոր չեն.

«Դեռևս խորհրդային տարիներին փակցվում էին տարբեր պաստառներ: Այդ պատճառով էլ անցքերը մնացել են, չեն փակվել ժամանակին: Ասել, որ դրանք անցյալ տարվանից են՝ առնվազն ճիշտ չէ»:

Այս տարի հրապարակի լուսավորությունը կանցկացվի մետաղական հատուկ կոնստրուկցիաներով: Ամեն մեկը շենքին կամրանա 2-3 տեղից։

Սուրեն Գրիգորյանն ընդգծում է՝ քաղաքային իշխանությունը կարևորում է պատմամշակութային շենքերի պահպանությունը: Քաղաքի համար այցեքարտ համարվող շենքերը տոնական օրերին ձևավորելն ու լուսավորելը տարածված է ամբողջ աշխարհում։

  • Կիսվել: