ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հանքի շահագործմանը դեմ արտահայտվողների ազատ խոսքը ճնշելու խնդիր չկա. Աննա Հակոբյան

Հանքի շահագործմանը դեմ արտահայտվողների ազատ խոսքը ճնշելու խնդիր չկա. Աննա Հակոբյան

«Ազատությունը» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման շրջանակներում այսօր զրուցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը:

Օգտատերերից մեկը հարցրել է՝ «դե՞մ եք, թե՞ կողմ, որպեսզի Ամուլսարը շահագործվի»: Քիչ առաջ կառավարության շենքի դիմացից բերման ենթարկվեցին իրավապաշտպաններ Նինա Կարապետյանցը և Արա Ղարագյոզյանը, նրանք ասում են, որ խաղաղ ցույցեր են անում: Տիկին Հակոբյան, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ պետք է մարդիկ այսօր իրենց ձայնը բարձրացնելու, խաղաղ ցույց անելու համար բերման ենթարկվեն»,- հարցրել է օգտատատերը։ 

Աննա Հակոբյանը պատասխանել է. 

«Ցավում եմ, որ պետք է հիասթափեցնեմ, բայց չեմ կարող կարծիք արտահայտել նշված հարցի վերաբերյալ այս պահին՝ իմ կարգավիճակից և դիրքից ելնելով և հաշվի առնելով հարցի սրությունը և կարծում եմ նաև այն քաղաքական ենթատեքսը, որ դրված է կոնկրետ ներկայում այդ հարցի տակ:

Բերման ենթարկելու փաստին ծանոթ չէի, հենց նոր լսեցի, բայց ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ պետք է Հայաստանի քաղաքացիները բերման ենթարկվեն խաղաղ ցույցեր անելու համար, կոնկրետ այսօրվա պարագայում, իմ կարծիքով, չգիտեմ՝ ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել, բայց եթե չեմ սխալվում, հիմա երկրում արտակարգ դրություն է և որը ենթադրում է նաև սահմանափակումներ այդ թեմայով, այսինքն հավաքներ, ցույցեր անելու հետ կապված: Հայաստանի քաղաքացիները արտակարգ դրության պայմաններում պետք է ձեռնպահ մնան այդ գործողություններից, դրանով էլ պայմանավորված է գուցե, իմ կարծիքով դա է պատճառը»։ 

«Ազատություն»  ռկ  հարցին՝ Ամուլսարի շահագործման դեմ դուրս եկած ակտիվիստներն ասում են, որ արտակարգ իրավիճակի երկարաձգումը միտումնավոր է արվում, որ ճնշվի իրենց բողոքի, ազատ խոսքի իրավունքը, Աննա Հակոբյանը նշել է, որ հնարավոր չէ այդպիսի բան, ուղղակի բացառվում է նման սցենար, հանքի շահագործման դեմ արտահայտվողների ազատ խոսքը ճնշելու խնդիր չկա:

«Արտակարգ դրությունը երկարաձգելը կապել այս կամ այն իրադարձության հետ, այս կամ այն քաղաքական կամ քաղաքացիական միավորի որևէ գործողության հետ, կարծում եմ, տեղին չէ, որովհետև մենք բոլորս ապրեցինք այս վեց ամիսը մեր երկրում և ամբողջ աշխարհում և բոլորս բախվեցինք այդ համավարակի խնդրի հետ: Մենք բոլորս տեսանք, թե ինչ տեղի ունեցավ մեր երկրում, ինչքան կյանքեր խլեց այդ համավարակը, և կառավարության հակաճգնաժամային գործողություններն այսօր արդեն ցույց են տալիս իրենց արդյունավետությունը: Հույս ունեմ ընթացքը նաև այսպես կշարունակվի:

Հետևել եմ իրադարձություններին, լսել եմ հարցազրույցներ, էդպես էլ մի հարցի պատասխան (Ամուլսարի հետ կապված) այդպես էլ չհայտնաբերեցի, թե ի՞նչ տեղի ունեցավ վարչապետի անցյալ տարվա լայվից հետո, երբ որ լայվի ընթացքում հայտարարություններ արվեցին, գործընթացը կասեցվեց և որոշակի պրոցես կանգնեց և շարունակությունը պետք է սպասել, իմ կարծիքով՝ ոչինչ այդ կետից սկսած չի փոխվել, և ինձ համար ուղղակի հարց առաջացավ, թե ինչո՞ւ այս հերթական բռնկումը տեղի ունեցավ, ո՞րն էր դրա պատճառը և ի՞նչ կարիք կար, եթե բուն պրոցեսը կանգնած է: Գրեթե մեկ տարի ոչինչ չի փոխվել, ոչ մի պրոցես չի ընթացել, այս մեկ տարվա դադարից հետո ի՞նչ պատճառով այս ամենը առաջացավ, դա մի հարց է, որի պատասխանը ես չկարողացա գտնել»:

 

 

  • Կիսվել: