շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Համաշխարհային բանկի  զեկույցը Հայաստանին առաջարկում է պետական ծախսերի արդյունավետության բարելավման ուղիներ

Համաշխարհային բանկի զեկույցը Հայաստանին առաջարկում է պետական ծախսերի արդյունավետության բարելավման ուղիներ

Համաշխարհային բանկը նոր վերլուծական զեկույցով Հայաստանին առաջարկում է պետական ծախսերի արդյունավետության բարձրացման ճանապարհներ՝ անդրադառնալով նաև Հայաստանի ֆիսկալ ցուցանիշների բարելավմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի պետական ծախսերի ուսումնասիրություն. Ծախսերի արդյունաբետության բարելավում» խորագրով զեկույցը պաշտոնական միջոցառման ընթացքում ներկայացրեց Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակը:

«Ծախսերի արդյունավետության  բարձրացումը մեզ համար չափազանց կարևոր նպատակ է: Եվ մենք այս ուղղությամբ բազմաթիվ միջոցառումներ ենք իրականացնում մեր միջազգային գործընկերների հետ միասին: Եվ ունենք խորը գիտակցում այս հարցի կարևորության վերաբերյալ, որովհետև գիտենք՝ եթե մենք այս ուղղությամբ տեսանելի աշխատանք չկատարենք, ապա չենք կարող երկարաժամկետ հատվածում լինել մրցունակ և հասնել ի վերջո բոլորիս երազանքներին»,-ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Նախարարի գնահատմամբ՝ զեկույցը շատ կարևոր նշանակություն ունի կառավարության համար, այն նաև ավելի լայն տեսադաշտ է բացում՝ ավելի լավ հասկանալու խնդիրները  և թե ինչ ուղղությամբ պետք է ավելի արդյունավետ քաղաքականություն իրականացնել:

«Պետք է փաստենք, որ վերջին տարիներին մեր եկամուտներն ու ծախսերն ավելի արագ են աճել, քան թիրախային ծրագրեր մշակելու մեր պետական համակարգի կարողությունները: Սա ունի թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներ: Մենք կարևոր քայլեր արդեն իրականացրել ենք՝ այս բացը լրացնելու ուղղությամբ, սակայն, առաջիկայում մեր քայլերը պետք է բազմապատկենք»,-ասաց նախարարը՝ հիշեցնելով նաև երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին:

Զեկույցը կազմել է Համաշխարհային բանկի մասնագետների մեծ թիմը՝ Հայաստանի գերատեսչությունների հետ համագործակցելով: Զեկույցն անդրադառնում է ծախսերի արդյունավետության բարելավմանը՝ սոցիալական պաշտպանության, առողջապահության ոլորտներում, կապիտալ ծախսերի առումով: 

«Զեկույցը հիմնականում նախարարությունների աշխատակիցների համար է, ներկայացված են առաջարկներ՝ ծախսերի արդյունավետությունը բարելավելու համար: Օրինակ ներկայացվում է, թե ինչպես կարելի է ավելի ճիշտ թիրախավորել խոցելի խմբերին, որ ավելի արդյունավետ լինեն սոցիալական ծախսերը»,-ասաց Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Արմինե Մանուկյանը:

Համաշխարհային բանկի տնտեսագետը նշեց՝ առողջապահության ոլորտում, օրինակ, ծախսերն ավելի շատ կատարվում են հիվանդանոցների, քան առաջնային օղակի բուժհաստատությունների համար: «Դա բարձրացնում է ընդհանուր ծախսը: Առաջարկվում է բարձրացնել առողջապահության առաջնային օղակի արդյունավետությունը, որ ընդհանուր առողջապահության ոլորտի վրա  ծախսվող գումարը նվազի»,-ասաց նա:

Պետական ծախսերի ուսումնասիրության զեկույցը ցույց է տվել, որ հարկային քաղաքականության և վարչարարության բարեփոխումների աջակցության պայմաններում հարկերի հավաքագրումն ավելացել է Հայաստանում, և կառավարությունը ներկայումս բավարար ռեսուրսներ ունի՝ ծախսումները պահպանելու և պարտքի մակարդակը կայուն պահելու համար: Զեկույցն այսպիսով կոնկրետ առաջարկներ է ներկայացնում կապիտալ ծախսերի ավելացման, սոցիալական աջակցության և կենսաթոշակների փոփոխությունների ու «Առողջության համապարփակ ապահովագրության» փուլային ներդրման համար: 

«Կարծում եմ՝ մենք բավականին լավ վերլուծություն ենք արել, թե ծախսարդյունավետությունն ինչպես կարելի է բարելավել: Կարծում եմ՝ Հայաստանը պետք է հպարտանա այն բարեփոխումներով, որոնք իրականացվել են վերջին մի քանի տարիներին: Պետական ծախսերի ուսումնասիրությունը փաստում է, որ Հայաստանի ֆիսկալ կատարողականը բարելավման նշաններ է ցույց տալիս: Դա ի շնորհիվ Հայաստանում կառավարության կողմից իրականացված՝ շատ լավ մտածված բարեփոխումների է»,-ասաց Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մարդկային զարգացման գծով տարածաշրջանային տնօրեն Միխալ Ռուտկովսկին:

Միխալ Ռուտկովսկին նշեց՝ մարդկային կապիտալի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ  կան շատ հնարավորություններ՝ բարձրացնելու Հայաստանում առանցքային ոլորտներում կատարվող ծախսերի արդյունավետությունը, ինչպիսիք են ենթակառուցվածքները, տրանսպորտը, առողջապահությունը և այլ ոլորտներ: Եվ բարելավման այդ հնարավորությունները, ըստ նրա, շատ լավ ներկայացված են զեկույցում: 

Նա խոսեց նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված անձանց հետ կապված Հայաստանում ստեղծված ճգնաժամի մասին: Նա ընդգծեց՝ սա ողբերգություն է, որը չպետք է անտեսվի ծախսերի արդյունավետության վերանայման տեսանկյունից: 

Պետական քաղաքականության իմաստով զեկույցի առաջարկությունները քննարկելու համար մեկնարկային միջոցառման շրջանակում նաև անցկացվեց նախարարների մակարդակով փորձագիտական քննարկում՝ մարդկային կապիտալի զարգացման թեմայով, թե ինչպես Հայաստանը կարող է սոցիալական և առողջապահական ոլոտներում բարելավել իր ծախսարդյունավետությունը: 

  • Կիսվել: