հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Համագործակցաբար է հնարավոր կերտել հայրենիքի առաջընթացը. Միրզոյանը՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

Համագործակցաբար է հնարավոր կերտել հայրենիքի առաջընթացը. Միրզոյանը՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպում ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ այս օրերին Մայր Աթոռում գումարված Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովի մասնակիցների հետ, տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Բարիգալստյան իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ Գերագույն հոգեւոր խորհրդի քառօրյա ժողովի արդյունքներին: «Կարեւորում ենք նման հանդիպումները ինչպես Գերագույն հոգեւոր խորհրդի, այնպես էլ մեր եկեղեցականաց դասի հետ, որովհետեւ Ազգային ժողովը օրինաստեղծ իր գործունեությամբ կարգավորում է հանրային կյանքի բոլոր ոլորտները, քննարկվում են նաեւ հարցեր, որոնք առնչվում են հոգեւոր կյանքին, արժեքային համակարգին: Եվ այդ առումով առավել կարեւորում ենք սերտ գործակցությունը Ազգային ժողովի եւ Մայր Աթոռի միջեւ հանուն մեր երկրի ու ժողովրդի, մեր կյանքի բարօրության»,-ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նորին Սրբությունը նաեւ ընդգծեց, որ բոլոր ժամանակներում Հայոց Եկեղեցու առաքելությունը հայ ժողովրդին դեպի հոգեւոր փրկություն առաջնորդելուն զուգահեռ եղել է ազգային ինքնության պահպանությունը, հայոց պետականության ամրապնդումը եւ ժողովրդի բարօր ու առաջընթաց կյանքի կերտումը: Նշելով, որ դա է եղել հայ եկեղեցականի կոչումն ու գիտակցությունը` Վեհափառ Հայրապետը նաեւ կարեւոր նկատեց, որ աշխարհասփյուռ հայությունը միասնաբար, սիրով ու համերաշխության ոգով լծվի հայրենիքի զորացմանը, որով եւ հնարավոր կլինի իրականացնել համազգային իղձերն ու տեսիլքները:

Ապա Վեհափառ Հայրապետին եւ ժողովականներին ողջունեց ՀՀ ԱԺ նախագահը: Անդրադարձ կատարելով Եկեղեցու եւ հոգեւոր դասի լուսավորչական առաքելությանը եւ կարեւորելով համագործակցությունը Հայոց Եկեղեցու եւ հայրենի իշխանությունների միջեւ` տիար Արարատ Միրզոյանը մասնավորապես նշեց. «Դարեր շարունակ, երբ մենք չենք ունեցել պետականություն, հոգեւոր հայրերն իրենց ուսերին են վերցրել նաեւ լուսավորականության առաքելությունը։ Հարանց անապատի դպրոց, Գլաձորի համալսարան, Տաթեւի համալսարան։ Սրանք հաստատություններ են, որոնք, ի հեճուկս պատերազմի արհավիրքների, կենդանի են պահել հայ հասարակական միտքը՝ լինելով առաջամարտիկը մտքի հեղափոխության»: ՀՀ ԱԺ նախագահը խոսեց առկա մարտահրավերների մասին` ընդգծելով, որ համագործակցաբար է հնարավոր կերտել հայրենիքի առաջընթացը:

Հանդիպմանը ԳՀԽ անդամները լուսաբանություններ ստացան ՀՀ ԱԺ նախագահից ժողովրդին հուզող զանազան հարցերի, եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենսդրության եւ առկա համագործակցության առնչությամբ:

  • Կիսվել: