Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ. Ծառուկյան
Պետրոսյան Գևորգը շատ հարգալից ներկայացրել է կուսակցության տեսակետը։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով երեկ ԱԺ ամբիոնից ԲՀԿ-ական պատգմավոր Գևորգ Պետրոսյանի հնչեցրած առաջարկին՝ Հայաստանում օրենքով արգելել նույնասեռականների և սեռափոխվածների միասեռ ամուսնությունները և նրանց երեխա որդեգրելու իրավունքը:
«Կարաք 7 անգամ միացնեք, նայեք, նա ելույթից առաջ էլ ասեց՝ որևէ մեկին վիրավորելու ցանկություն չունի: Մենք հանդիպման էինք, իրար հետ գնացել ենք հանդիպման, թե չէ մարդիկ եզրակացություններ, հեքիաթներ են պատմում, այդպիսի բան չկա»,- նշեց Գագիկ Ծառուկյանը։
Անդրադառնալով ելույթին հաջորդած աղմուկին՝ ԲՀԿ առաջնորդ ասաց. «Մեր կողմից աղմուկ չի եղել, կարող եք հարցնել աղմուկ անողներին»:
Հարցին` արդյոք կիսում է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի տեսակետը, թե «Գևորգ Պետրոսյանին հալալ է» այս հարցը օրակարգ բերելու համար, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ։ Առաջին քրիստոնյա ազգն ենք, ընտանիք, սրբություն, եկեղեցի, Աստվածաշունչ, մեր համար անընդունելի է, որ կարող են համասեռամոլները երեխա որդեգրեն և այդ երեխային դաստիարակեն։ Ո՞վ կարող է պատկերացնել՝ նրանց դաստիարակած երեխան ինչ կարող է լինի»։
Անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիային՝ ԲՀԿ առաջնորդն ասաց. «Եթե դրանով ուզում եք ասել, թե բռնության դեմ եք պայքարում, ձեր ցավը տանեմ, բերեք մեր հայկական ժողովրդական օրենքն ընդունենք բռնության դեմ, մենք տողատակերով չենք ուզում։ Ես ասում եմ՝ բռնության դեմ է պայքարը, խնդիր չկա, բերեք մերը ստեղծենք, ցանկացած բռնության դեմ կրկնակի, եռակի, քառակի պատիժներ դնենք, բայց տողատակերով մենք դա չենք ընդունում, մեզ համար անընդունելի է»։