շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով եղել է Շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ում

Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով եղել է Շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ում

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով եղել է Շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ում։

Նախարարին այցի ընթացքում ուղեկցել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը, նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը։

Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ընկերության աշխատանքների ընթացքին և ՓԲԸ-ում իրականացված բարեփոխումներին։
Նախարարի այցը մեկնարկել է շրջայցով օդերևութաբանական դիտարկումների հրապարակ և ավտոմատ օդերևութաբանական կայանների աշխատանքների ծանոթացմամբ:
Նախարարը ծանոթացել է ընկերության կողմից օդերևութաբանական տվյալների արձանագրման, տեղեկատվության հաղորդման գործընթացին, հետևել աշխատանքների ընթացքին, ապա խորհրդակցություն անցկացրել, որի ընթացքում ՓԲԸ-ի տնօրեն Թաթուլ Հայրապետյանը զեկույցի տեսքով ներկայացրել է «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված աշխատանքները, քննարկվել են դրանք ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով նախատեսված ծրագրերն ու միջոցառումները։

Շրջակա միջավայրի նախարարի 2022 և 2023 թվականների համապատասխան հրամաններով հաստատված Ընկերության գործարար ծրագրերով նախատեսված աշխատանքները կատարվել են ամբողջությամբ: Հաշվետու ժամանակահատվածում զգալի աշխատանքներ են տարվել քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական սպասարկման որակի, աշխատանքային կարգապահության բարձրացման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի նվազեցման, շահույթի ապահովման ուղղությամբ:

Թռիչքների անվտանգությունն ապահովել է միջազգային չափանիշներին համապատասխանող օդերևութաբանական տվյալների և կանխատեսումների տրամադրմամբ՝ շնորհիվ բարձր որակավորմամբ աշխատակիցների, շահագործվող ժամանակակից սարքավորումների, ավտոմատ համակարգերի և կատարելագործված համակարգչային ծրագրերի։

Զգալի աշխատանքներ են կատարվել Ընկերության տեխնիկական վերազինման, միջազգային քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական սպասարկման ապահովումը կանոնակարգող փաստաթղթերի մշակման ուղղություններով:
Ընկերությունում ներկայումս շահագործվում են ավիացիոն բնագավառի ժամանակակից սարքավորումներ և ավտոմատ համակարգեր, որոնց շահագործումը և տեխնիկական սպասարկումը կատարվում է գործող նորմատիվային փաստաթղթերի համաձայն:

«Շիրակ» օդանավակայանում շահագործվող օդերևութաբանական համակարգերն ամբողջությամբ, իսկ «Զվարթնոց» օդանավակայանում մասնակի փոխարինվել են նորերով, տեղադրվել են վերջին սերնդի օդերևութաբանական կայաններ։ Այս պահին «Շիրակ» օդանավակայանը համարավում է տարածաշրջանում ամենաժամանակակից օդերևութաբանական համակարգերով հագեցած օդանավակայանը։

«Զվարթնոց» և «Շիրակ» միջազգային օդանավակայաններում տեղադրվել է ամպրոպ տեղորոշիչ տվիչներ, որի հնարավորությունները թույլ են տալիս մինչև 56 կմ շառավիղով տեղորոշել ամպրոպի վայրը,

Ընկերության օդերևութաբանական կանխատեսումների բաժնում ներդրվել է նոր MESSIR-SADIS ծրագրային ապահովման միջոց, ինչի արդյունքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից թռիչքներ իրականացնող օդանավերի անձնակազմերին չվերթների երթուղիների, պահուստային և նշանակման վայրի օդանավակայանների փաստացի և կանխատեսվող եղանակային տվյալների փաթեթները տրամադրվում են ավտոմատացված տարբերակով,

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի փաստացի եղանակի ստացման համակարգը պահուստային էլեկտրամատակարարմամբ ապահովելու նպատակով տեղադրվել է ավտոմատ գործարկվող դիզելային գեներատոր,

«Զվարթնոց» և «Շիրակ» միջազգային օդանավակայաններում օդերևութաբանական համակարգերը անխափան շահագործելու նպատակով անցկացվել է շուրջ 6700 մետր օպտիկամանրաթելային կապուղի։

2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Ընկերությունը սպասարկել է 20509 ավիաթռիչք: Ավիաթռիչքների օդերևութաբանական սպասարկման համար կազմված եղանակի կանխատեսումների արդարացվելիության գործակիցը կազմել է միջինը 91․8%: Նշված ժամանակահատվածում օդերևութաբանական սխալի պատճառով թռիչքների վերադարձ կամ պահուստային օդանավակայաններում վայրէջքներ տեղի չի ունեցել:

Նախարարը և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահն իրենց գոհունակությունն են հայտնել կատարված աշխատանքների որակից և հույս հայտնել, որ ոլորտի զարգացումը և արդիականացումը շարունակական բնույթ է կրելու։

  • Կիսվել: