Հակոբ Կարապետյանն անդրադարձել է Դավիթ Խաժակյանի՝ պարգևավճարների մասին գրառմանը
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ավելի վաղ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի գրառմանն այն մասին, որ մամուլի խոսնակը ստանում է այնքան պարգևավճար, որքան մի շարք վարչության պետեր։
Նա նշում է Խաժակյանի մատնաշած այն հանգամանքը, որ քաղաքապետի իրավական գծով խորհրդականը, որի մասնագիտական դիլետանտության հետևանքով այսօր քաղաքապետարանը դատական անբարենպաստ վճիռների առաջ է կանգնում, պարգևատրվել է 560․000 դրամով։
Այս առնչությամբ Կարապետյանը նշել է, որ իրականությունն այն է, որ 2020թ. ապրիլի դրությամբ Երեւանի քաղաքապետարանի մասնակցությամբ 1500-ից ավել դատական գործերից քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը 2019թ. մայիսից աշխատանքի ընդունվելուց ի վեր զբաղվում է միմյանց հետ սերտ փոխկապակցված միայն 2 գործով, որոնք «Սանիթեքին» վերաբերող և, ըստ էության, համարվում են մեկ գործ։ «Այդ գործերից մեկով Սնանկության դատարանի թիվ ՍՆԴ/1719/04/19 գործով 11.03.2020թ.-ին հաստատվել է Երեւանի քաղաքապետարանի պահանջը ավելի քան 2.9 մլրդ-ից ավել դրամի չափով, իսկ մյուս՝ ԵԴ/19172/02/19 գործով ներկայացվել է հակընդդեմ հայցադիմում՝ 2.5 մլրդ-ից ավել դրամի չափով, որի մասով գործը ընթացքի մեջ է»,- գրել է Կարապետյանը՝ հավելելով, որ Խաժակյանի հիշատակումն ապատեղեկատվություն է։:
Կարապետյանն անդրադարձել է պարգևավճարներին և գրել. «Դժվար է պատկերացնել, որ պարոն Խաժակյանի պես խորագիտակ եւ պրպտուն քաղաքական գործիչը չգիտի, որ աշխատակազմի անդամների մի մասը ըստ նախընտրություն եռամսյակային պարգեւավճարները ստանում է ամեն ամիս, իսկ մյուս մասը եռամսյակը մեկ՝ միանգամից:
Այսինքն, աշխատակիցների մի զգալի մասը, իրենց հասանելիք պարգեւավճարները (փաստացի՝ ֆիքսված հավելավճար) ստանում են յուրաքանչյուր ամսվա վերջում, իսկ որոշները՝ այդ թվում քաղաքապետի խորհրդականն ու մամուլի քարտուղարը, եռամսյակը մեկ: Իսկ մարտ ամսվա ամբողջ պարգեւավճարային ֆոնդը՝ 130 մլն դրամ, գումարած՝ քաղաքապետի աշխատավարձը ամբողջությամբ, ինչպես հայտնի է, փոխանցվել է բուժաշխատողներին: Շեշտում եմ՝ որեւէ պաշտոնյա, առավելեւս, վարչության պետ, ավել կամ պակաս պարբերականությամբ պարգեւավճար չի ստանում»:
Կարապետյանը, իր բնորոշմամբ, նաև հանրային հաշվետվություն է ներկայացրել քաղաքապետարանում ստացած իր վարձատրության մասին․ «Այսպես՝ պրն. Խաժակյանի նշած 560 հազար դրամը (որը երկու ամսվա հավելավճար է), հարկերից «մաքրելուց» հետո դառնում է ամսական մոտ 200 000-ական դրամ: Սա էլ եթե գումարում ենք իմ ամսական աշխատավարձին՝ 213 000 դրամին, ստացվում է, որ ես ստանում եմ ամսական շուրջ 410 000 դրամ:
ՀՀ ցանկացած քաղաքացի իրավունք ունի վիճարկելու՝ որքանով է որեւէ հանրային ծառայող, այդ թվում՝ ձեր խոնարհ ծառան արժանի իր վարձատրությանը, բայց նախեւառաջ, յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի պատշաճ տեղեկություն ստանալու՝ առանց խեղաթյուրումների եւ մանիպուլյացիաների»:



