Հակաճգնաժամային 9-րդ միջոցառումից կօգտվեն նաև դեկրետում գտնվող գրանցված աշխատողները
ՀՀ կառավարությունը լրացումներ է կատարել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 3-րդ, 8-րդ և 9-րդ միջոցառումներում՝ ընդլայնելով այդ ծրագրերի շահառուների շրջանակը:
Այսպիսով, 3-րդ ծրագրի շահառու կարող են հանդիսանալ նաև՝ նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ), սպորտի բնագավառում (սպորտային ակումբներ, լողավազաններ), զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն, շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն իրականացնողները: Նշենք, որ 3-րդ միջոցառմամբ առաջարկվում է վարկի ապահովման ու տոկոսադրույքների սուբսիդավորման ձևերով օժանդակել 2019թ-ին 24-500 մլն տարեկան շրջանառություն ունեցող տնտեսավարողներին։
8-րդ միջոցառման տուժած ոլորտների ցանկում ավելացվում են՝ ցամաքային տրանսպորտի (երթուղային տրանսպորտ), նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ), սպորտի բնագավառում (սպորտային ակումբներ, լողավազաններ) և զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն իրականացնողները։ Աջակցություն ստանալու համար կարող են դիմել նաև այս ոլորտներում գրանցված աշխատողները:
Իսկ 9-րդ միջոցառման շահառու կարող է հանդիսանալ նաև այն ընտանիքը, որի գրանցված աշխատանք ունեցող ծնողը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։
Ինչպես նշել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, 8-րդ ծրագրով արդեն օժանդակություն է ստացել 44698 անձ ՝ ընդհանուրը 3 մլրդ 64 մլն դրամի չափով: Ըստ նախարարի՝ ապրիլի 17-ին օժանդակություն կստանան նաև 9-րդ ծրագրի շահառուները՝ 20 հազար երեխայի համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, որ այս փուլում անհրաժեշտ է կենտրոնանալ արդեն իսկ ընդունված ծրագրերն արդյունավետորեն ավարտելու՝ տեխնիկական խնդիրները լուծելու, շահառուների շրջանակը ճշգրտելու և այլ հարցերի վրա: Ծրագրերի իրականացման համատեքստում վարչապետն ընդգծել է մի շարք բազաների, այդ թվում՝ անձանց նույնականացման համակարգերի թվայնացման կարևորությունը:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև օրավարձով աշխատողներին օժանդակություն չցուցաբերելու հետ կապված քննադատություններին և նշել. «Մեզ քննադատում են, որ աջակցություն չենք ցուցաբերում չգրանցված, օրավաձով աշխատողներին:
Ես ուզում եմ ընդգծել, որ մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ առնվազն օրավարձով աշխատողների 90 և ավելի տոկոսին, եթե ոչ 100 տոկոսին, հասնում ենք այս և մնացած 9-րդ, 7-րդ, 11-րդ, 12-րդ ծրագրերով, որոնք վերաբերվում են էլէկտրաէներգիայի և գազի բաժանորդներին: Այսինքն՝ օրավարձով աշխատողները որևէ տեղ հաշվառված չեն, որպեսզի մենք նրանց հասցեական գտնենք, դրա համար մենք նրանց գտնում ենք անուղակի: 9-րդ ծրագրով՝ երեխաների միջոցով, 11-րդ, 12-րդ, 13-րդ ծրագրերով իրենց բաժանորդ լինելու հանգամանքի բերումով և 7-րդ ծրագրով՝ երեխայի սպասելու բերումով: Մեր կանխավարկածը այն է, որ օրավարձով աշխատողները այս հինգ ծրագրերից որևէ մեկում կամ նույնիսկ որոշ դեպքերում երկուսում կարող են լինել»:
Վարչապետը մեկ անգամ ևս ընդգծել է ծրագրերի վերաբերյալ մանրամասն իրազեկման ապահովման կարևորությունը և հանձնարարել այն կազմակերպել հավուր պատշաճի:
«Շատ մեծ թվով մարդիկ տեղյակ չեն, որ իրենք հանդիսանում են այս կամ այն ծրագրի շահառու: Սա ազդակ է, որ մենք ԶԼՄ-ների միջոցով, սոցիալական ցանցերով, բավարար չափով չենք լուսաբանում, թե որ միջոցառումը կոնկրետ որ խմբին է վերաբերվում և ինչ պետք է անի քաղաքացին այդ աջակցությունից օգտվելու համար», -ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ բոլոր ծրագրերը պետք է մանրամասն ու ամենօրյա ռեժիմով լուսաբանվեն:



