չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Հակաօրինական ցանկացած դրսևորում արժանանալու է քրեաիրավական գնահատականի. ՆԳՆ-ն հորդորում է Մայր Աթոռում զերծ մնալ սադրանքներից

Հակաօրինական ցանկացած դրսևորում արժանանալու է քրեաիրավական գնահատականի. ՆԳՆ-ն հորդորում է Մայր Աթոռում զերծ մնալ սադրանքներից

ՆԳՆ ոստիկանությունն իրականացնելու է օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ պահպանելով հասարակական կարգը և ապահովելով քաղաքացիների անվտանգությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ՆԳՆ-ն՝ անդրադառնալով եպիսկոպոսների՝ քաղաքացիներին Մայր Աթոռ հրավիրելուն հաջորդած հայտարարություններին:
 
«Դեկտեմբերի 17-ին Հայ առաքելական եկեղեցու տասը եպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ, դիմել ժողովրդին և դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, հրավիրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
 
Այս հայտարարությունից հետո մեկ այլ հայտարարությամբ է հանդես եկել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը և հայտնել, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նույն օրը՝ ժամը 17:00-ին: 
 
Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի հայտարարությունից հետո որոշ քաղաքացիներ և սոցցանցերի օգտատերեր սադրիչ և իրավիճակը թեժացնող գրառումներ են կատարել։ 
 
Հորդորում ենք զերծ մնալ հակաիրավական, սադրիչ գործողություններից, հարգել այլոց իրավունքները, չտրվել սադրանքների, ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:
 
ՆԳՆ ոստիկանությունն իրականացնելու է օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ պահպանելով հասարակական կարգը և ապահովելով բոլոր քաղաքացիների անվտանգությունը:
 
Հակաօրինական ցանկացած դրսևորում արժանանալու է համապատասխան քրեաիրավական գնահատականի»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած 10 եպիսկոպոսները կոչ են արել միանալ իրենց Մայր Աթոռում՝ «Գարեգին Բ-ին հանգստի կոչելու արդար պահանջով»:

  • Կիսվել: