ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հակահամաճարակային կանոնները զանգվածաբար չեն պահպանվում. Փաշինյան

Հակահամաճարակային կանոնները զանգվածաբար չեն պահպանվում. Փաշինյան

Մեր խնդիրն է այնպես անել, որ առողջապահական համակարգն, իսկապես, կարողանա սպասարկել բոլոր քաղաքացիներին։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Այսօր ամենամեծ պրոբլեմը առողջապահական համակարգում չէ, այլ համակարգից դուրս է։ Խոսքը հակահամաճարակային կանոնների պահպանման վերաբերյալ է։ Մեր վերջին օրերի մոնիտորինգը ցույց է տալիս, որ հակահամաճարակային կանոնները զանգվածաբար չեն պահպանվում»,- նշեց վարչապետը։

Նա նկատեց, որ կան ռիսկի գոտիներ, մասնավորապես, դրանք բանկերն են։

«Այսօր կրկին տեղեկություններ են ստացվում՝ բանկերում կանոնները չեն պահվում։ Խնդիր կա հերթերը կառավարել նաև բանկերի տարածքներից դուրս: Պարոն Ջավադյան, աշխատեք բանկերի հետ, որ այդ գործողությունները լինեն ոչ միայն տարածքի ներսում, այլև դրսում»,-ասաց վարչապետը՝ դիմելով ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին:

ԿԲ նախագահը նշեց, որ երեկ արդեն բավականին լավ իրավիճակ էր. «Այսօր առավոտյան 2 ահազանգ ենք ստացել երկու մարզից և մեկն էլ Երևանի համայնքներից մեկից: Մեկում նույնիսկ մենք կասկածում էինք, որ պրովոկատիվ բան կա, կապվել ենք ոստիկանության հետ: Այդ հարցը հիմա լուծվում է:  Մարզերում էլի խնդիրը կապված էր թոշակների և մեր սոցիալական ծրագրերի շահառուների հետ, որոնք դեռ չէին հասցրել իրենց գումարները ստանալ: Իհարկե, աշխատանք տարվում է, բայց էլի դիսցիպլինայի խնդիրը կա»,- նշեց Արթուր Ջավադյանը:

Նրա խոսքով, բանկերը որոշակի քայլեր են ձեռնարկում, աշխատակիցները խնդրում են պահպանել սոցիալական տարածությունը, դիմակներ են բաժանում, ժամերն են երկարացնում, փորձում են կարգավորել, որ հերթեր չլինեն, հորդորում են օգտվել օնլայն ծառայությունից։

«Ես չեմ կարող ասել, որ անկառավարելի վիճակ է, լրիվ կառավարելի վիճակ է, 1-2 դեպք է մնացել: Մեր վերահսկողներն էլ այս պահին հանրապետության ամբողջ տարածքում ծառայություն են իրականացնում, նաև բանկի ղեկավարությանն էլ հորդորել եմ, որ իրենք էլ եթե կա խնդիր նոր աշխատող են ուղարկում, նաև համագործակցում են ոստիկանության հետ, եթե դրա կարիքը կա: Այսօր արդեն իրավիճակն անհամեմատելի է երեկվա հետ»,- ընդգծեց ԿԲ Նախագահը։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն էլ անդրադարձավ «Հայփոստ»- բաժանմունքներին, որտեղ ևս լուրջ խնդիրներ կան։

Նախարարն ասաց, որ երեկ օրվա երկրորդ կեսին արդեն հերթերի առումով դրական տեղաշարժ է եղել: Ըստ նրա, այս ամիս ևս որոշում է կայացվել թոշակները առաքել թոշակառուների տները, որպեսզի հերթեր չլինեն:

Հակոբ Արշակյանը նաև հայտնեց, որ այս պահին ԱԺ-ում է մի օրինագիծ, որը եթե ընդունվի, հաջորդ տարվա մայիսից կամ հունիսից կենսաթոշակների բաշխումը լինելու է բացառապես էլեկտրոնային տարբերակով:

  • Կիսվել: