ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
 Հադրութի տեղահանված բնակիչները գնացին Արցախի օպերատիվ շտաբ

Հադրութի տեղահանված բնակիչները գնացին Արցախի օպերատիվ շտաբ

Պատասխանը մեզ չի բավարարում, գնում ենք Արցախի օպերատիվ շտաբ։ Քիչ առաջ այս մասին լրագրողներին ասաց կառավարության շենքում ընդունելության արժանացած հադրութեցիների ներկայացուցիչը, ով տեղահանված բնակիչների խնդիրները ներկայացրել էր աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարին։ Մինչ այդ Հադրութի տեղահանված բնակիչները բողոքի ակցիա էին նախաձեռնել կառավարության շենքի մոտ։

«Ես առաջարկել եմ, որ վերանայեն թոշակառուներին 50 000-ական դրամ աջակցությունից զրկելու հարցը։ Ասել եմ՝ եթե թոշակառուներին զրկեք, ապա այդ մարդիկ ընդհանրապես ապրելու միջոց չունեն։ Խնդրել ենք, որ դրա շուրջ էլ մտածեն ու ասել ենք, որ բնակվարձերի հետ կապված հստակ ծրագիր մշակեն՝ մինչև մեզ բնակարաններով ապահովելը և հստակ որոշում կայացնեն։ Ոչ մի հստակ ժամկետ չի նշվել, ոչ մի հստակ բան չեն ասել, այնքան որ՝ խոսել ենք։ Ես չէի էլ սպասում, որ որևէ հստակ բան կլինի», - ասաց հադրութեցիների ներկայացուցիչը։

Ակցիայի մյուս մասնակիցները նշեցին, որ Հայաստանի կառավարությունից հույսները կտրել են, այդ պատճառով էլ վարձակալած բնակարանների գումարը վճարելու խնդրանքն ու պահանջը գնում են ներկայացնելու Արցախի օպերատիվ շտաբ։

Վերջինս նշեց նաև, որ շատերը, ելնելով ստեղծված իրավիճակից, Հադրութից տեղահանվելուց հետո հիմա էլ ստիպված Հայաստանից են արտագաղթում։

ՀՀ կառավարության շենքի մոտից Հադրութից տեղահանված և Հայաստանում բնակություն հաստատած քաղաքացիները շարժվեցին դեպի Արցախի օպերատիվ շտաբ։

  • Կիսվել: