երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գյումրիում ապամոնտաժվում են տաղավար-տնակները

Գյումրիում ապամոնտաժվում են տաղավար-տնակները

Գյումրու Հաղթանակի պողոտայի հիմնանորոգման աշխատանքներին զուգահեռ իրականացվում են տարածքում տեղադրված տաղավար-տնակների ապամոնտաժման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են հիմք ընդունելով  ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N 1601-Ն և Գյումրու ավագանու որոշումները։ Պողոտան  նորոգվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում»  ծրագրի շրջանակներում: 

Միայն պողոտայի աջակողմյան հատվածում տեղադրված է մոտ 40 տաղավար, որոնք  հիմնականում ունեն այդ տարածքում գտնվելու թույլտվություն՝ Գյումրու քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի տեսքով: Դրանց մեծ մասը հանձնված է վարձակալության։ 8 տաղավար արդեն ապամոնտաժվել է տարածքից։

Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ թեև տաղավար-տնակները հանվելու են քաղաքի բոլոր հատվածներց, այս պահին քաղաքապետարանի հիմնական ուշադրությունը Հաղթանակի պողոտայի վրա է։ «Աշխատանքները լինելու են շարունակական՝ մինչև պողոտայի ողջ հետիոտնային մասը չազատվի տաղավարներից, որպեսզի բնակիչների համար տարածքը լինի մատչելի և կարողանանք բարեկարգել տարածքը»,- նշեց Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը։

Նա  պարզաբանեց, որ  մարդկանց հետ աշխատում են, որ կարողանան առանց խնդիրների տարածքն ազատել: «Տեղադրելու ժամանակ բոլորն էլ իմացել են, որ կգա մի օր, երբ դրանք կհեռացվեն: Այնպես որ, անակնկալի խնդիր չկա: Իրենք վարձակալության հիմունքով են դրել, հողը քաղաքինն է, տաղավարը՝ իրենցը, հանում ենք, ինքը ինչ ուզում է, անում է»,- նշում է փոխքաղաքապետը՝ վստահեցնելով՝  հետամուտ են լինելու, որ Հաղթանակի պողոտայից հեռացված տաղավարը չհայտնվի քաղաքի մեկ այլ հատվածում։

  • Կիսվել: