երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գյուղատնտեսության առումով այս պահին բոլոր պայմանները բավարար են.Գագիկ Սուրենյան

Գյուղատնտեսության առումով այս պահին բոլոր պայմանները բավարար են.Գագիկ Սուրենյան

Գյուղատնտեսական տեսանկյունից վտանգավոր երևույթներ չենք արձանագրել, ավելին, հունվարի վերջին դիտված ձյան առատ տեղումները բավական դրական ազդեցություն թողեցին հատկապես աշնանացան ցորենի վրա: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Այս պահին, հանրապետության լեռնային գոտիների բոլոր աշնանացանները ծածկված են ձյան բավարար շերտով, ինչը պայմաններ է ստեղծում, որ աշնանացանը չշփվի գիշերը դիտվող սառը օդի հետ: Գյուղատնտեսության առումով, այս պահին բոլոր պայմանները բավարար են»,-ասաց նա:

Անդրադառնալով ջրամբարների լցվածությանը՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանն ասաց, որ դեռևս վաղ է այդ մասին խոսելը: Հարցին կանդրադառնան մարտի երրորդ տասնօրյակին, երբ կներկայացնեն ձմռան ամփոփումը և ապրիլ, մայիս ամիսների եղանակային կանխատեսումը:

  • Կիսվել: