կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Գրություններով դիմել եմ ՌԴ նախագահին և Գլխավոր դատախազին․ Արմեն Դարբինյան

Գրություններով դիմել եմ ՌԴ նախագահին և Գլխավոր դատախազին․ Արմեն Դարբինյան

Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը գրություններով դիմել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին և Գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին՝ համալսարանի շուրջ արհեստական ու հնարածին աղմուկը դադարեցնելու և ամբարտավան չինովնիկներին կարգի հրավիրելու, պատասխանատվության ենթարկելու պահանջով: Այս մասին նա գրել է ֆեյսբուքի իր էջում․

«Հանրային և համալսարանական շրջանակներում որոշակի անհանգստություն կա ռուսաստանյան որոշ ուժերի կողմից պատվիրված քրեական գործի ընթացքի վերաբերյալ:
 
Այդ կապակցությամբ ունեմ հայտնելու հետևյալը.
 
ա/ Քննության մանրամասների վերաբերյալ ես որևէ տեղեկություն չեմ հրապարակայնացնելու՝ դեռևս հավատալով Հայաստանյան քննության անաչառությանը և սուվերենությանը
 
բ/ Իմ կողմից քննիչին են փոխանցվել անհրաժեշտ ապացույցները՝ գործի պատվիրված և շինծու լինելու վերաբերյալ։
 
գ/ Կա, իհարկե, տարբերակ, երբ գործը առկախվում է՝ անձին լարվածության մեջ պահելու և կառավարելի դարձնելու նպատակով. նման հնարքները հայտնի են դեռևս НКВД-ի ժամանակներից: Հուսով եմ, որ հայ քննիչները չեն գնա այդ ճանապարհով և կկարճեն գործը՝ դրա նյութի բացակայության հիմքով: Համենայն դեպս նշեմ, որ ինձ կառավարող երեք առանցք կա. դա երկրիս սուվերենությոնն է (այդ թվում՝ համալսարանի համահիմնադիր լինելու իմաստով), ազգային ու անձնային արժանապատվությունս, և ակադեմիական ու քաղաքացիական ազատությունս: Վախի համար այստեղ տեղ չկա։
 
դ/ Ես գրություններով դիմել եմ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին և Գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին՝ համալսարանի շուրջ արհեստական ու հնարածին աղմուկը դադարեցնելու և ամբարտավան չինովնիկներին կարգի հրավիրելու, պատասխանատվության ենթարկելու պահանջով: Անհրաժեշտության պարագայում դրանք կհրապարակվեն։
 
ե/ Համալսարանը գործում է իր բնական ռիթմով, մի բան էլ՝ առավել նպատակասլաց»։

  • Կիսվել: