կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութը հասանելի է, բոլոր քաղաքացիները կարող են անվճար պատվաստվել. ԱՆ

Գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութը հասանելի է, բոլոր քաղաքացիները կարող են անվճար պատվաստվել. ԱՆ

Սուր շնչառական վարակների ակտիվ շրջանին ընդառաջ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութը և բաշխել առողջության առաջնային պահպանման բոլոր կազմակերպություններին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Անկախ հաշվառումից` բոլոր քաղաքացիները կարող են պոլիկլինիկայում կամ ամբուլատորիայում անվճար պատվաստվել:

Գրիպի բարդություններից խուսափելու համար, հատկապես ռիսկի խմբում գտնվող քաղաքացիներին (հղիներ, 6 ամսականից 5 տարեկան երեխաներ, տարեցներ, քրոնիկ հիվանդներ, բուժաշխատողներ, փակ կազմակերպությունների աշխատակիցներ և շահառուներ) խորհուրդ է տրվում պատվաստվել:

Նախորդ շաբաթվա ընթացքում դետքային համաճարակաբանական դիտարկման համակարգի շրջանակում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում մեր երկրում գրիպի վիրուսի հարուցիչներ չեն հայտնաբերվել։ Այլ շնչառական վարակներից դիտվել են ռինովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի, մետապնևմավիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-Cov-2 հարուցիչներ։

Առողջապահության նախարարությունը հիշեցնում է` գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է»,- ասված է հաղորդագրությունում:

  • Կիսվել: