Գորիսի երկու պետական քոլեջներում դասադուլն և գործադուլը շարունակվում է
Գորիսի պետական քոլեջում և Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում արդեն երկրորդ օրն է դասադուլ և գործադուլ է։ Գորիսի պետական քոլեջի դասախոսներն ու ուսանողները առավոտյան, սովորականի պես, գնացել են քոլեջ, սակայն դասապրոցը դադարեցված է։ Դասադուլն ու գործադուլն ուղեկցվում են քոլեջի բակում մշակութային և սպորտային ծրագրով։
Հիշեցնենք, որ քոլեջի դասախոսների և ուսանողների պահանջն է՝ չեղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի կամ նրա տեղակալի հրամանը՝ Գորիսում ստեղծվող բազմագործառութային քոլեջի տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին, տնօրենի պաշտոնակատարի նշանակումը հետաձգել՝ մինչև ՎԴ/4825/05/25 քաղաքացիական գործի դատաքննության ավարտը և դատարանի վճռի ուժի մեջ մտնելը, տնօրենի պաշտոնակատարի նշանակումը հետաձգելու անհնարինության դեպքում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (մինչև նշված դատավարության ավարտումն ու տնօրենի թափուր տեղի համար մրցույթի հայտարարումը և նոր տնօրենի ընտրությունը) նշանակել Գորիսի պետական քոլեջի գործող տնօրեն Կարեն Լազարյանի (մեր այդ առաջարկության հիմնավորումը ներկայացրել ենք կոլեկտիվի ս.թ. սեպտեմբերի 29-ի դիմումի մեջ), 4. Գորիսում՝ պետական քոլեջում, հանդիպում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ՝ քննարկելու ստեղծված վիճակը։
«Եվ կշարունակենք գործադուլն այնքան ժամանակ, քանի դեռ վերոնշյալ պահանջները չեն կատարվել»,- հայտնել էին քոլեջից։
Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի բակը նույնպես մարդաշատ է։ Քոլեջից պահանջում են. «Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի լուծարման և Գորիսի պետական երկու քոլեջների վերակազմակերպման հապշտապ, չհիմնավորված որոշման իրականացման կասեցում, քոլեջի կոլեկտիվի մտավախությունների համատեղ քննարկում քոլեջի այժմյան՝ ժամանակավոր շենքում»։


