ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գողության փորձ արագ սննդի կետից․ Կումայրի ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են  կասկածվողին (տեսանյութ)

Գողության փորձ արագ սննդի կետից․ Կումայրի ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են կասկածվողին (տեսանյութ)

Փետրվարի 27-ի գիշերը, ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Գյումրու պահպանության բաժնից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը կոտրել է Խրիմյան Հայրիկի փողոցի արագ սննդի կետի պատուհանի ապակին և փորձել գողություն անել, սակայն ձայնային ազդանշանը միանալուն պես փախել է: Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։

Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Կումայրիի քրեական հետախույզներն անմիջապես ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արագ արձագանքելուց զատ, նաև, այսպես ասած՝ սանրեցին տարածքն ու դեպքից ժամեր անց հայտնաբերեցին կասկածվողին։ 22-ամյա երիտասարդը բերման ենթարկվեց ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղից ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ ձերբակալվածը օրեր առաջ գողություն էր արել Գյումրու Սպանդարյան փողոցի արագ սննդի կետից։ Տուժողներից հաղորդում է ընդունվել։ Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

 

 

  • Կիսվել: