երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Գնացին պլոմբեցին, հետո հաջորդ օրը այդ նույն բենզալցակայանը սկսեց աշխատել. Տիգրան Ավինյան

Գնացին պլոմբեցին, հետո հաջորդ օրը այդ նույն բենզալցակայանը սկսեց աշխատել. Տիգրան Ավինյան

«Ինձ մի հարց է հուզում, ենթադրում եմ սա ավելի շատ տեսչականի դաշտում է»: Այսօր՝ Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դիմելով Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Արամ Գյուլզադյանին:

«Չնայած բոլոր բենզալցակայանները, որոնք գտնվում են բնակելի շենքերին մոտ մեծաքանակ քանդում տեղի ունեցավ, Գյուլբենկյան-Ավետիսյան խաչմերուկում որոշակի գործառույթ իրականացվեց՝ այդ մեկով պրոցես տեղի ունեցավ, գնացին պլոմբեցին՝ սիրուն լենտերով փաթաթեցին, հետո հաջորդ օրը այդ նույն բենզալցակայանը սկսեց աշխատել: Ո՞վ ունի այս հարցի պատասխանը, ո՞նց այդպես ստացվեց»,- հետաքրքրվեց Ավինյանը:

Գյուլզադյանն արձագանքելով նշեց, որ բենզալցակայանի քանդումը դատարանի կողմից կասեցում ունի:

Իրավաբանական վարչության պետ Տարոն Մրգարյանն էլ հավելեց. «Պարոն Ավինյան, համայնքի կողմից այդ ինքնակամ կայանի ապամոնտաժումը հնարավոր չեղավ, որովհետև դատարանի կողմից հայցի ապահովման միջոց է կիրառվել, և արգելվել է քանդել մինչև դատական գործի ավարտը: Իսկ գործունեությունը դադարացնելուց հետո վերսկսելու մասով տեղեկատվություն չունեմ»:

Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն էլ ասաց, որ տեսչականի գործընկերների հետ կքննարկեն այս գործը. «Որովհետև մի բան է, որ պետք է քանդվի, ու այս պահին քանդվելը հնարավ չի, բայց կապարակնքիը ինքնակամ վերացնելու համար պետք է համապատասխան պատասխանատվություն լինի»:

  • Կիսվել: