կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գիտությունը չեմ ընտրել, գիտությունն իմ մեջ է, ու ես մանկուց եմ երազել թռչել. Մհեր Մեհրաբյան

Գիտությունը չեմ ընտրել, գիտությունն իմ մեջ է, ու ես մանկուց եմ երազել թռչել. Մհեր Մեհրաբյան

 Հայաստանում 2024 թ. մարտի 5-ից մինչև ապրիլի 8-ը անցկացվելու է տիեզերական ոլորտում հեղինակավոր միջոցառումներից մեկը` AMADEE-24-ը: Նախագծի կազմակերպիչը «Հայաստանի աերոտիեզերական գործակալությունն» է, կառավարումն իրականացնում է «Ավստրիական տիեզերական ֆորումը»։ Այս նախաձեռնության հիմքում կանգնած է հայ գիտնական, օդատիեզերական ոլորտի փորձագետ, հայկական առաջին աերոտիեզերական շարժիչների արտադրող ԷՆՋԻՆԴ ԱՄ ընկերության և «Հայաստանի աերոտիեզերական գործակալության» հիմնադիր, «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Մհեր Մեհրաբյանը։

«Արմենպրես»-ը Մհեր Մեհրաբյանի հետ զրուցել է նրա անցած ճանապարհի, գիտության, Հայաստանը տիեզերական գերտերություն դարձնելու հավակնությունների մասին։  

Մհեր Մեհրաբյան.jpg (482 KB)

Ծնվել եմ Երևանում` գիտնականի և արվեստագետի ընտանիքում  

Հայրս ֆիզիկոս էր, մայրս՝ դիզայներ։ Ե՛վ գիտության, և՛ արվեստի նկատմամբ սերը հենց նրանցից էլ փոխանցվել է։ Մանկուց առնչվել եմ արվեստի մի շարք ճյուղերի հետ՝ նկարչություն, երաժշտություն, խեցեգործություն։ Դպրոցին զուգահեռ սովորել եմ նաև երաժշտական դպրոցում (ջութակի բաժին), հաճախել ավիախմբակ։ Ոչ միայն իմ, այլև եղբայրներիս կյանքում ծնողներս մեծ ազդեցություն են ունեցել։ Իմ կյանքում կարևոր դեր է ունեցել հատկապես մեծ եղբայրս։ Նա այնքան լավ է նկարել, որ երեք տարեկանում անհատական ցուցահանդես է բացել, ինձ համար եղբայրս նշաձող է։ Մեր ընտանիքում մշակույթն ու գիտությունը միշտ առաջնահերթ են եղել․ երեք եղբայրներով մեր մասնագիտություններն ընտրելիս հետևել ենք ծնողների օրինակին․ մեկը գիտնական, մյուսը արվեստագետ, երրորդն էլ ընտրեց երկուսիս մասնագիտությունների միքսը` գործարար է, զբաղվում է մեր ընկերությունների կառավարչական հարցերով։ Հայրս իսկապես երևելի մարդ էր, ով ցավոք, Սովետական ժամանակաշրջանի խնդիրների պատճառով իր մեծ ներուժը չկարողացավ օգտագործել։ Նա իր չիրագործված նպատակներն ու երազանքները մեզ փոխանցեց, ինչը պարտավորեցնող էր, ավելիին հասնելու նշաձող: Ու տիեզերական տարածքում հայտնվելու իմ գաղափարներն էլ պատահական չէին:

Իմ կրթությունը սկսվել է այն ժամանակ, երբ ծնվել եմ

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Հայաստանի պոլիտեխնիկական համալսարան։ Մեր բուհում կար նաև ռազմական ամբիոն։ 1995-ին, երբ համալսարանն ավարտեցի, բանակ զորակոչվեցի և երկու տարի սպա ծառայեցի։ Աշխատել եմ Հայաստանում և մի շարք երկրներում՝ բազմամշակույթ և բազմազգ միջավայրում, ԱՄԷ-ում, Իրանում, ԱՄՆ-ում։

1996 թվականին երեք եղբայրներով մեր գործը հիմնեցինք` ՓՐԻՆԹԻՆՖՈ ՍՊԸ տպագրական և հրատարակչական ընկերությունը, որը մեզ համար ավելին էր քան բիզնեսը

Տպագրական աշխատանքներն ամբողջությամբ հիմնված էին նորարարության վրա, իսկ հրատարակչությունը մեր գիտելիքները տրանսֆորմացնելու հնարավորություն էր։ Պետք է ասեմ, որ Հայաստանում առաջինն էինք, որ սկսեցինք թվային գունաբաժանումը, թվային օֆսեթ տպագրությունը, ինչպես նաև անվտանգ տպագրության համակարգերի կիրառումը։ Մեր տպարանի յուրահատկությունն այն էր, որ ամբողջովին հիմնված էր գիտելիքի վրա, մշտապես նոր գաղափարներով էինք հանդես գալիս, միաժամանակ ապահովում տպագրության բարձր որակը։ Հրատարակել ենք 200 անուն գիրք։ Մինչև տպագրական գործին հիմնովին անցնելը զբաղվում էինք հեռուստատեսային եթերի դիզայնով, համակարգչային անիմացիայով։ Արդեն 1998 թվականին հայկական հեռուստատեսության անիմացիաների 90 տոկոսը մենք ենք պատրաստել։ Հետագայում նաև անիմացիոն փառատոնների ենք մասնակցել։ Նոր զարգացող ոլորտ էր, մեծ հետաքրքրություն, ցանկություն կար նոր բան ստեղծելու։ 18 տարի անց տպագրական գործունեությունը դադարեցրինք։

PS 7810.jpg (2.33 MB)

Գիտությունը չեմ ընտրել, գիտությունն իմ մեջ է և ես թռչել երազել եմ մանկուց

Պատանեկան շրջանում այդ երազանքը բյուրեղացավ ու կարծրացավ։ Մտածում էի, որ օդապարուկի կամ օդանավի թռիչքից կհագենամ։ Հետո հասկացա, որ սա չէ իմ ուզածը, և որ ես ավելին եմ ուզում։ Ինձ համար նախևառաջ կարևոր էր ազատ լինել։ Ազատության ջատագով էր նաև հայրս։ Հենց այդպես էլ մեզ դաստիարակել է։ Մեր ընտանիքում երբեք ճնշում չի եղել։ Նույնն էի ուզում նաև այդ ոլորտում։ Գոյություն ունեն սահմաններ, ու երբ հասկանում ես այդ սահմանները, տեսնում ես, որ անհնարին ոչինչ չկա․․․ Գիտությունը ոչ միայն ճշգրտություն է պահանջում, այլև մեծ ստեղծագործություն և երևակայություն։ Այստեղ ոչինչ մակերեսային չի արվում, չեմ պատկերացնում՝ ինչ գիտնական կարող էի լինել, եթե արվեստի հետ չառնչվեի՝ չնկարեի ու ջութակ չնվագեի։   

Ընտանիքն իմ մտքերի, երազանքների շարունակությունն է․․․

Ես անընդհատ ժամանակի մեջ եմ, երբ ընտանիքիս, երեխաներիս հետ եմ․․․ 23 տարեկանում եմ ընտանիք կազմել, երեք տղա ունեցել։ Երեխաներս մեծացել են բացառապես սիրո մթնոլորտում։ Իմ ընտանիքում նույն արժեքներն են եղել, որոնք ստացել եմ հորիցս։ Հանգամանքների բերումով մեր ընտանիքը 2015-ին որոշեց տեղափոխվել ԱՄՆ. Նպատակը զուտ գիտական և բիզնեսի հետ էր կապված։ 2015-ին հիմնեցի ԱՄՆ ում թերևս ժամանակի ամենաարդի թվային արդյունաբերական տպագրական ընկերություն, իսկ 2019-ին ԱՄՆ-ում հիմնեցի աերոտիեզերական շարժիչների և աերոտիեզերական ուղղաձիգ թռիչքով ու վայրէջքով օժտված համակարգերի գիտահետազոտական և արտադրական ընկերություն։ Շատ ծանր օրեր ենք ունեցել, երեխաները չէին հարմարվում, Հայաստանը շատ էին կարոտում։ Ավագ տղայիս՝ Արենին, աստղաֆիզիկան գենետիկորեն էր փոխանցվել։ Ավարտելով քոլեջը, ընդունվեց Կալիֆորնիայի տեխնիկական համալսարան։ Միաժամանակ աշխատում էր մեր նորաստեղծ գործարանում։ Ամբողջ արտադրության կառավարումը վերցրել էր իր վրա։ ԱՄՆ-ում ապրելու տարիներին անընդհատ մտածում էր Հայաստան տեղափոխվելու, հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելու մասին։ Բիզնեսն արագ տեմպերով աճում էր։ Ամբողջ ընթացքում Արենը խոսում էր բիզնեսը Հայաստան տեղափոխելու մասին ու 2018-ին հայրենիք վերադարձավ, որպիսի զինվորական պարտքը կատարի, կինս որոշեց նրան մենակ չթողնել և մյուս որդիներիս հետ վերադարձան Հայաստան։ Ես մինչև 2020-ի օգոստոսի վերջ մնացի ԱՄՆ-ում։

PS 7805.jpeg (121 KB)

Պատերազմը տեսել եմ շատ օբյեկտիվ աչքերով

Մեր երկրում գործարան կառուցելու, արտադրություն սկսելու համար տարածք էինք փնտրում։ 2020-ի սեպտեմբերն էր։ Ապրում էինք մեծ երազանքներով, հետո պատերազմ սկսվեց, մեր առաջնահերթությունները փոխվեցին։ Երկիրը պաշտպանելու մասին երկար չմտածեցինք։ Հենց առաջին օրը ավագ եղբորս և նրա որդու հետ ես էլ կամավորագրվեցի, գնացինք Արցախ։ Արենին արդեն Իջևանից Մարտակերտ էին տեղափոխել։ Ես Մարտունիում էի, հետո Ջրական տեղափոխվեցինք։ Եղբայրս և իր որդին Ակնայի դիրքերում էին։ Շրջափակման մեջ հայտնվեցինք ու շատ ծանր վիրավորվեցի։ Դա հոկտեմբերի 13-ն էր։ Հոկտեմբերի 28-ին Արենը հրամանատարի կյանքը փրկելիս զոհվեց... իր երազանքներն մնացին անկատար...

PS 7811.jpg (2.59 MB)

2021-ին ես և կինս ստեղծեցինք «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը, անվճար աերոտիեզերական ինժեներության դասընթացներ ենք կազմակերպել, սովորեցնում ենք ինչպես ընտրել մասնագիտություն, ինչպես հիշել ապագան

Դասախոսությունների ժամանակ մարդկանց բացատրում ենք, թե ինչպես տեսնել ապագան, գնահատել կյանքի յուրաքանչյուր ժամը, վայրկյանը։ Դա այն նվազագույնն էր, որ կարող էինք անել, նպաստել Հայաստանի աերոտիեզերական ոլորտի զարգացմանը։ Հիմնադրամը ստեղծելուց առաջ մենք տեսանք ոլորտը զարգացնելու ուղղությամբ մի քանի խնդիր, ուսումնասիրեցինք կրթական ոլորտը, գնահատեցինք կարիքները ու հասկացանք, որ մեզ 3-5 հազար աշխատող է պետք՝ բանվորից մինչև մասնագետ։ 2021-ի հոկտեմբերից աերոտիեզերական ինժեներիայի անվճար դասընթացներ ենք իրականացնում, ոչ ֆորմալ կրթություն, որի յուրաքանչյուր փուլը 4-6 ամիս է տևում։ Ծրագրում ներառված են նաև աերոտիեզերական ծրագրավորում, արբանյակների ինժեներություն, եռաչափ մոդելավորում։ Երկրորդ խնդիրը ենթակառուցվածքների բացակայությունն էր. լաբորատորիաներ, սարքավորումներ մատակարարող կազմակերպություններ չունենք։ Սկսեցինք աերոտիեզերական լաբորատորիաներ ստեղծել՝ չափիչ սարքերով և սիմուլյացիոն համակարգերով, ինչպես օրինակ «մաքուր սենյակ» լաբորատորիան և աերոդինամիկ խողովակն է։

Հիմնեցինք Հայկական Աերոտիեզերական Գործակալությունը․ մենք սա «հայկական ՆԱՍԱ» ենք անվանում

Արենը ուներ տիեզերական երազանքներ, հիմա մենք ենք իրագործելու այդ երազանքներն ու այդ երազանքներն իրագործելու համար նախևառաջ տիեզերական սերունդ զարգացնելու ուղղությամբ պետք է աշխատենք։ Մենք աերոտիեզերական տարածության մեջ պետք է միակը լինենք։ Հիմքերը կան, դրանք անձնական ամբիցիաներ չեն։ Ժամանակն է մոլորակի կառավարման պատասխանատվությունը մեզ վրա վերցնել։ Աերոտիեզերական գործակալության նպատակը աերոտիեզերական տարածության մեջ գերիշխանություն ունենալն է։ Մենք ունենք այդ հնարավորությունը։ Վստահ եմ՝ Հայաստանը դառնալու է տիեզերական գերտերություն և հենց դրա համար էլ անում ենք հնարավորը, որ AMADEE-24 Մարսի անալոգային սիմուլյացիոն առաքելությունը մեր երկրում իրականացվի։ Ես և իմ թիմը վերցրել ենք պատասխանատվություն և պատրաստ ենք այդ պատասխանատվությունը պատվով կրել, նպաստել ոլորտի զարգացմանը։

  • Կիսվել: