կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գիտնականները սարդի թույնից ինֆարկտի դեմ դեղամիջոց են ստացել

Գիտնականները սարդի թույնից ինֆարկտի դեմ դեղամիջոց են ստացել

Ավստրալացի գիտնականները դեղամիջոց են մշակել, որը կարող է ինֆարկտի դեպքում կյանքեր փրկել:

Հետաքրքիրն այն է, որ դեղամիջոցը ստեղծվել է այնպիսի նյութի հիման վրա, որը հանդիպում է աշխարհում ամենավտանգավոր սարդի թույնի մեջ: Սարդերի այդ տեսակը հանդիպում է Ֆրեյզեր կղզում:
Սրտի կաթվածի ժամանակ արյան հոսքը դեպի սիրտ նվազում է, ինչը հանգեցնում է սրտամկանում թթվածնի պակասին:

Մինչ օրս ոչ մեկին չի հաջողվել դեղամիջոց ստանալ, որը կարող է կանխել այս երևույթը:
Քվինսլենդի և Նոր Հարավային Ուելսի համալսարանների սրտաբանները հայտնաբերել են, որ սարդի թույնի բաղադրության մեջ մտնող Hi1a սպիտակուցը արգելափակում է սրտի իոնային ուղիները, որոնք թթվածնի նկատմամբ զգայուն են: Սրանով իսկ թույլ չի տալիս դրանցում, այսպես կոչված «մահվան ազդանշանի» թափանցումը: Արդյունքում սրտի կաթվածից հետո մահացության ցուցանիշը նվազում է:
Բացի դրանից, հեղինակների կարծիքով, Hi1a սպիտակուցի հիմքով ստեղծված դեղամիջոցը կարող է երկարացնել փոխպատվաստված սիրտ ունեցող հիվանդների կյանքը:

Ներկայում գիտնականները Hi1a սպիտակուցը փորձարկել են մարդու սրտի բջիջներում: Առաջիկայում նախատեսվում է կլինիկական փորձարկումներ կատարել: Հեղինակները համոզված են, որ իրենց ստեղծած դեղամիջոցը կարող են օգտագործել շտապ բուժօգնության բժիշկները, ինչպես նաև հիվանդանոցներից հեռու գտնվող տարածքների բուժկետերը, և այն կփրկի նրանց կյանքը, ովքեր սրտի կաթված են տարել կամ տառապում են սրտային սուր անբավարարությամբ:

  • Կիսվել: