ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գիտաշխատողների աշխատավարձը 2024 թվականին էականորեն կաճի․ Ժաննա Անդրեասյան

Գիտաշխատողների աշխատավարձը 2024 թվականին էականորեն կաճի․ Ժաննա Անդրեասյան

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ 2024 թվականին էականորեն կաճի գիտաշխատողների աշխատավարձը։ Նախարարն այս մասին ասել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման։

Նրա խոսքով՝ Կառավարության քաղաքականության կարևորագույն ուղղություններից է գիտության ոլորտում աշխատավարձերի բարձրացումը։

Նախարարը հիշեցրեց, որ առաջին բարձրացումը տեղի ունեցավ 2022 թվականի հունվարին։

«2024 թվականի հունվարին լաբորանտի աշխատավարձը կբարձրանա 78 տոկոսով 2021 թվականի համեմատ։ 2024 թվականի հունվարի 1-ին առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021 թվականի համեմատ կաճի արդեն 267 տոկոսով և կդառնա 420 հազար դրամ։ 2021 թվականին առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 114 հազար 300 դրամ էր։ Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը 2024 թվականի հունվարի 1-ին կդառնա 500 հազար դրամ, որը մինչև այս գործընթացը 138 հազար 100 դրամ էր»,- ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ մշակվել է գիտաշխատողների ատեստավորման նոր կարգը, որ կմտցնի որակական փոփոխություններ ոլորտում։

 

  • Կիսվել: