Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Այսօր՝ հունիսի 22-ի գիշերը, հանկարծամահ է եղել սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մամիկոնյանց փողոցի 58 Ա շենքի բնակարաններից մեկը, որտեղ պարզել են, որ ժամը 05։30-ի սահմաններում Լալա Մնացականյանը հանկարծամահ է եղել։
Նշենք, որ քիչ առաջ տեղեկությունը հաստատեց նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։
«Խոր ցավով տեղեկացանք, որ կյանքից անժամանակ հեռացել է Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը։ Ցավակցում ենք Լալա Մնացականյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին, կիսում կորստյան ծանր վիշտը»,- ասված է հաղորդագրության մեջ:


