Գեղարքունիքում մեքենան բախվել է ապառաժներին ու հրդեհվել. 18-ամյա 2 զոհերից մեկի դին գտել են կիսամոխրացած վիճակում
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ըստ shamshyan.com-ի` Ժամը 02:50-ի սահմաններում Opel Vectra մակնիշի 35 QՏ 313 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մադանա գյուղից դեպի Վերին Գետաշեն գյուղ տանող ճանապարհահատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, առաջ ընթանալով, մի քանի պտույտ գլորվելով՝ բախվել ապառաժ քարերին և հայտնվել ձորակում:
Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Ներքին Գետաշեն գյուղի բնակիչներ, 18-ամյա Դավիթ Ղալաչյանը, 18-ամյա Գարիկ Հակոբյանը և 17-ամյա Արսեն Սեդրակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն, իսկ Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 18-ամյա Մովսես Խաչատրյանը, ում մարմինը հրշեջներն ու փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 30 մետր հեռավորության վրա կիսամոխրացած վիճակում, տեղում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Կրակի բռնկմամն հետևանքով այն տարածվել է նաև ողջ տարածքով, քանի որ ամբողջովին չոր խոտ էր: Հրշեջ-փրկարարները մարել են կրակը ու մինչ այդ ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների հետ մահացածին և վիրավորներին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Մարտունու հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային:
Մինչ քննչական խումբը դեպքի վայրում զննություն էր կատարում, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից Դ. Ղալաչյանը գիտակցության չգալով՝ մահացել է: Մանրամասները` սկզբնաղբյուրում: