երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզում բախվել են Mitsubishi Pajero io-ն ու Opel Astra-ն. կա 1 զոհ, 5 վիրավոր

Գեղարքունիքի մարզում բախվել են Mitsubishi Pajero io-ն ու Opel Astra-ն. կա 1 զոհ, 5 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:   Ժամը 17:20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Լիճք գյուղի վարչական տարածքում գտնվող «BBG» նախկին բժշկական կենտրոնի մոտ, բախվել են Mitsubishi Pajero Io և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:   Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:   Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենայից դուրս են բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:  

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:   Ժամանել է նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ:   Մինչ դեպքի վայրում աշխատում էր ՃՈ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Մարտունու բաժին, որ վիրավորներից մեկը՝ գիտակցության չգալով, մահացել է:  

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Մանուկյանի գլխավորությամբ:   Փաստի առթիվ Ա. Մանուկյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:   Ոստիկանությունն  ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:  

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վիրավորներից 3-ին տեղափոխում են Երևան:   Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:

  • Կիսվել: