կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզպետի տեղակալը «Եվրոպական կրթական հիմնադրամի» ներկայացուցիչների հետ քննարկել է կրթական ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հարցեր

Գեղարքունիքի մարզպետի տեղակալը «Եվրոպական կրթական հիմնադրամի» ներկայացուցիչների հետ քննարկել է կրթական ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հարցեր

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանն ընդունել է Եվրոպական կրթության հիմնադրամի կրթական ոլորտի ավագ տնտեսագետ Մարի Դոռլիանին և կրթության ծրագրի ղեկավար Թիմո Կուսելային։

Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, հանդիպմանը մասնակցել են  նաև ԿԳՄՍ նախարարության և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Գեղարքունիքի մարզի կրթական համակարգում առկա իրավիճակին, հիմնախնդիրներին, առաջնահերթ անելիքներին, համագործակցային հետազոտությանը և ձեռնարկվող քայլերին, նոր ծրագրերի իրականացման համար համապատասխան կարիքների գնահատմանը։

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը և մարզպետի աշխատակազմի ԿԳՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, պատասխանելով հյուրերին հետաքրքրող հարցերին, ներկայացրել են  մարզում հանրակրթության ոլորտում առկա ձեռքբերումները և հիմնախնդիրները, առանձնահատկությունները, ընթացքի մեջ գտնվող կամ առաջիկայում նախատեսված դպրոցաշինական ծրագրերը, նախադպրոցական, ինչպես նաև ներառական կրթության, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների զբաղվածության և նախադպրոցական ու դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ներգրավելու ընդհանուր պատկերը, ուսուցիչների ատեստավորման, նրանց աշխատանքի ընդունելու կարգի, այլ գերատեսչությունների հետ համագործակցության ծավալման և բազմաթիվ այլ հարցերի մասին։

Մարի Դոռլիան և Թիմո Կուսելան նշել են, որ կրթական ոլորտում համատեղ ծրագրեր կազմելու և իրականացնելու նպատակով իրենք Գեղարքունիքի մարզում նախ կիրականացնեն լայնածավալ հետազոտություն,  մարզպետի աշխատակազմի և ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ վեր կհանեն ու կգույքագրեն բոլոր խնդիրները, ապա կիրականացնեն հաջորդ անհրաժեշտ քայլերը։  

  • Կիսվել: