Գեղանիստում պտտահողմի հետևանքով շուրջ 40 տներ զրկվել են տանիքներից․Սոֆյա Հովսեփյան
Շիրակի մարզում մայիսի 22-ին և 25-ին ուժգին քամուց հետո, հունիսի 20-ին Գեղանիստում պտտահողմ է եղել, և շուրջ 40 տների տանիքները վնասվել են, քանդվել են նաև պատեր,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Ըստ նրա՝ խնդիրը խորքային է։
«Կարող ենք ասել, որ կառավարությունն այստեղ անելիք չունի, քանի որ ապահովագրված չեն, բայց այն էլ հիմա, երբ գյուղացին չունի որևէ եկամուտ և համավարակի պատճառով նաև զրկվել են արտագնա աշխատանքի մեկնելուց, բանկերն էլ վարկ չեն տրամադրում, բնականաբար, շինանյութի խանութները պարտքով շինանյութ չեն տալիս»,- ասաց Սոֆյա Հովսեփյանը։
Նա կառավարությանը խնդրեց հաշվի առնել այս հանգամանքը և շինանյութով աջակցել Շիրակի մարզի այն ընտանիքներին, որոնք տուժել են ուժգին քամիներից, որպեսզի մարդիկ իրենց գլխին տանիք ունենան։
«Փաստացի, մենք անօթևանության հարցը չենք լուծել Շիրակում՝ հիմնականում Գյումրիում, և մարզում նորից գրեթե անօթևան բնակիչներ են հայտնվել։ Շնորհակալ կլինեմ, որ հարցը առանձնահատուկ դիտարկվի, և մարդկանց ոչ թե գումար, այլ ուղղակի շինանյութ տրամադրվի»,- ասաց Սոֆյա Հովսեփյանը։


