ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գեղանիստ գյուղի նորակառույց մանկապարտեզը բացվել է. այն արդեն 52 սան ունի

Գեղանիստ գյուղի նորակառույց մանկապարտեզը բացվել է. այն արդեն 52 սան ունի

Այսօր տեղի է ունեցել Գեղանիստ գյուղի նորակառույց մանկապարտեզի հանդիսավոր բացման արարողությունը։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Մանկապարտեզի շինարարական աշխատանքներն իրականացվել է գյուղի բարերար, ծնունդով գեղանիստցի ՌԴ-ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Գագիկ Շահբազյանի ֆինանսավորմամբ։

Ողջունելով ներկաներին Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը նշել է, որ կարևոր է համարում, երբ համայնքի և բարերարների միջև կապ կա, որի արդյունավետության օրինակը հենց նորաբաց մանկապարտեզն է․ «Շատ ուրախ եմ, որ Գեղանիստի փոքրիկներն այսուհետ կկարողանան նախադպրոցական կրթություն ստանալ, նրանց օգտակար ժամանցն ապահովված է լինելու։ Ողջունելի ու գովելի է, երբ համայնքից տարիներ շարունակ դուրս ապրող մարդիկ չեն մոռանում իրենց հող ու ջրի մասին։ Ուրախալի է, որ մանկապարտեզի կահավորման ծրագիրն էլ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում է եղել, ինչն էլ պետություն-համայնք համագործակցության արդյունք է»։

Նշենք, որ մանկապարտեզի կահավորման համար ծախսվել է 9մլն 156 հազար դրամ գումար, որի 45 տոկոսը հատկացրել է համայնքը, 55-ը՝ պետությունը։

60 սանի համար նախատեսված հաստատությունն այսօր արդեն 52 երեխա է հաճախելու։ Մանակապարտեզի բացումով համայնքում ստեղծվել է 12 մշտական աշխատատեղ:

  • Կիսվել: