երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ներկայացրեց նոր կայքը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ներկայացրեց նոր կայքը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը, որը հիմնվել է ադրբեջանական իշխանությունների կողմից բռնության ենթարկված հայության իրավունքների պաշտպանության, պատմական Գարդմանում, Շիրվանում և Նախիջևանում,  ինչպես նաև փաստացի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրների վերհանման նպատակով, գործարկել է իր նոր կայքը armrefugees.am-ը։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը նշեց, որ նոր կայքը հավելյալ գործիքակազմ է ինչպես ադրբեջանական ոճրագործությունների մասին լայնորեն իրազեկելու, այնպես էլ բռնի տեղահանված հայրենակիցների տվյալները մեկ հարթակում հավաքագրելու համար։

«Կայքում առանձին բաժիններով ամփոփված են ադրբեջանական ոճրագործությունները 1905 թվականից սկսած մինչև մեր օրեր։ Կայքում զետեղված է նաև փախստականների խնդրի իրավական կարգավորումների վերաբերյալ տեղեկություն՝ միջազգային մարդասիրական իրավունք, վերադարձի, գույքի իրավունք, այդ թվում, այդ իրավունքների վերաբերյալ միջազգային նախադեպերը։ Մանրամասն ներկայացրել ենք նաև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի տարբեր վարույթների վերաբերյալ տեղեկատվություն։ Կայքի հենց առաջամասում կա բռնի տեղահանված մեր հայրենակիցների տվյալները հավաքագրելու գործիք։ Բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարող են այդ հատվածում լրացնել իրենց տվյալները, իրենց անհատական պատմությունը, թողնել մեկնաբանություն։ Դրանից հետո մեր մասնագետները կմշակեն տեղեկատվությունը, կճշգրտեն տվյալները»,-ասաց Վիլեն Գաբրիելյանը։

Միության  նախագահը նշեց, որ կայքի գործիքակազմը լավ հնարավորություն է բռնի տեղահանված հայրենակիցների վերաբերյալ ստույգ տվյալներ հավաքագրելու, հնարավորինս ավելի լայն շրջանակներ համախմբելու համար։

«Այդ տվյալները անհրաժեշտ են հետագայում իրավական գործընթաց սկսելու համար։ Այդ համատեքստում համագործակցում ենք մի քանի կազմակերպության հետ, դրանից  բացի պատվիրակել ենք նաև գույքային մասով ուսումնասիրություն։ Իրավական հիմքերը ամրապնդելով, պետական մարմինների հետ համագործակցելով հաջորդիվ միջազգային ատյաններում բռնի տեղահանվածների իրավունքների հարցն առաջ կտարվի։ Վստահաբար միջազգային դատարաններում գործերի ականատես լինելու ենք»,-ասաց Վիլեն Գաբրիելյանը։ 

Միության նախագահն ակնկալում է քաղաքացիների, տարբեր կազմակերպությունների օժանդակությունը, որ կայքի վերաբերյալ տեղեկությունը լայն շրջանակների համար առավել հասանելի լինի։

  • Կիսվել: