կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ֆրանսիայի նախագահի որոշումով Ֆրանսիական դիմադրության հերոս Միսաք Մանուշյանի և նրա կնոջ աճյունները տեղափոխվել են Ֆրանսիայի Պանթեոն

Ֆրանսիայի նախագահի որոշումով Ֆրանսիական դիմադրության հերոս Միսաք Մանուշյանի և նրա կնոջ աճյունները տեղափոխվել են Ֆրանսիայի Պանթեոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի 2023 թ. հունիսի 18-ի որոշումով Ֆրանսիական դիմադրության հերոս, Հայոց ցեղասպանությունը վերապրած Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ նույնպես Հայոց ցեղապանությունը վերապրած Մելինե Մանուշյանի աճյունները այսօր՝ փետրվարի 21-ին, Մանուշյանի և նրա զինակից ընկերների մահապատժի ութսունամյա տարելիցի կապակցությամբ տեղափոխվել են Ֆրանսիայի Պանթեոն, հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

«Միսաք և Մելինե Մանուշյաններն այսպիսով դարձան առաջին օտարազգի գործիչները, որոնք կամփոփվեն ֆրանսիացի մեծությունների կողքին՝ դառնալով հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության կարևոր խորհրդանիշներ:

Միսաք Մանուշյանը (ընդհատակյա անունը` Միշել Ժորժ) ծնվել է 1906 թ. Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի Ադըյաման քաղաքում: Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանության տարիներին նրա ծնողները սպանվել են: Ավագ եղբոր՝ Կարապետի հետ միասին որբ մնացած Միսաք Մանուշյանը գաղթել է Սիրիա, հայտնվել Ջունիե քաղաքի Հայկակական Բարեգործական Ընդհանուր Միության որբանոցում: 1925 թ. ձեռքբերված պայմանավորվածության համաձայն Սիրիայում գտնվող հայ որբերին տարել են Ֆրանսիա, որտեղ էլ նա կերտել է իր հերոսական ուղին: 1934 թ. ներգրավվել է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության շարքերում՝ զուգահեռաբար տպագրելով նաև հայալեզու «Զանգու» բանվորական շաբաթաթերթը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկից հետո, 1940-1944 թթ., Գերմանիայի կողմից Ֆրանսիայի օկուպացման տարիներին բանտարկվել է, ապա ազատ արձակվել, ինչից հետո միացել է դիմադրության շարժմանը՝ գլխավորելով տարբեր ազգություններից բաղկացած երիտասարդ մարդկանցից կազմված մի ջոկատ, որն աչքի է ընկել օկուպանտների դեմ պայքարում: Մանուշյանի և նրա մարտիկներին վարկաբեկելու նպատակով նացիստները նրան ներառել են «l’Affiche Rouge» («Կարմիր պաստառ») ագիտացիոն տխրահռչակ ցուցակի մեջ, որում նշված է եղել որպես խմբի հայազգի առաջնորդ, այդպիսով փորձելով ցույց տալ, որ գերմանացիների դեմ պայքարում են ոչ ֆրանսիացիները:

1943 թվականի նոյեմբերի 16-ի առավոտյան ֆրանսիական ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Մանուշյանի խմբի անդամներին Էվրիում։ Նրա կինը՝ Մելինեն, կարողացել է փախչել ոստիկանությունից և մահվան է դատապարտվել հեռակա կարգով։
Մանուշյանի խմբի հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալվել է ընդհանուր առմամբ 68 մարդ։

Մանուշյանը տանջանքների է ենթարկվել և երեք ամիս անց՝ 1944 թվականի փետրվար 21-ին, իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվել Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում:

Մահապատժի օրը Մանուշյանը կնոջն ուղղված նամակում գրել է. «Ի՞նչ կարող եմ գրել քեզ: Ներսումս ամեն ինչ խառնված է, բայց միաժամանակ՝ պարզորոշ: Որպես կամավոր զինվոր ես միացել էի Ազատության բանակին և հիմա մեռնում եմ հաղթանակի և վերջնանպատակի սահմանագծին: Երջանկությու՛ն նրանց, ովքեր կվերապրեն մեզ և կհամտեսեն վաղվա ազատության և խաղաղության քաղցրությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: