հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն հոկտեմբերի 4-ին այցելել է Երևանի պետական համալսարան և հանդիպել բուհի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ: ԵՊՀ Գիտական խորհրդի որոշմամբ Լուիզ Մուշիկիվաբոյին շնորհվել է Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: Այս մասին տեղեկացրին ԵՊՀ-ից։

«Լուիզ Մուշիկիվաբոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ԱԳՆ և ԿԳՄՍՆ ներկայացուցիչներ, իր աշխատասենյակում ընդունել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը: Վերջինս, ողջունելով ՖՄԿ գլխավոր քարտուղարին, ուրախությամբ նշեց, որ մեծ պատիվ է համալսարանում հյուրընկալել նրան:

Հ. Հովհաննիսյանը և տիկին Մուշիկիվաբոն հանդիպման ընթացքում խոսեցին Հայաստանում տիրող իրավիճակի մասին՝ պայմանավորված կորոնավիրուսի և Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքներով: Նրանք քննարկեցին նաև կազմակերպության և Հայաստանի, մասնավորապես ԵՊՀ-ի համագործակցության ուղիներն ու դրանց զարգացման հեռանկարները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ այնուհետև արդեն ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում Լուիզ Մուշիկիվաբոն հանդիպել է պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ: Հանդիպման սկզբում Հովհաննես Հովհաննիսյանը հիշեցրել է, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակ ձեռք է բերել 2012 թվականին, իսկ 3 տարի առաջ էլ Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի ժամանակ Լուիզ Մուշիկիվաբոն ընտրվել է կազմակերպության գլխավոր քարտուղար:

«Ֆրանկոֆոն երկրների հետ հաստատված են բավականին ջերմ կապեր, հատկապես և առաջին հերթին՝ Ֆրանսիայի հետ: Ավելորդ չէ նշել Ֆրանսիայի դերը թե՛ Հայոց ցեղասպանությունից, թե՛ Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներից հետո: Մեր հարաբերությունները բավականին ջերմ են, մենք շարունակում ենք դրանք խորացնել և փորձում գտնել զարգացման նոր հեռանկարներ»,- ասել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը:

Նա տեղեկացրել է, որ Լուիզ Մուշիկիվաբոն ծնունդով Ռուանդայից է, և ասաց, որ Հայաստանը և Ռուանդան պատմության շատ նման էջեր ունեն, որոնցից է, ցավոք, ցեղասպանությունը. «Թե՛ մենք՝ հայերս, թե՛ Ռուանդայի ժողովուրդը, ենթարկվել ենք ցեղասպանության: Այս իմաստով մեր պատմությունը, մեր հիշողությունները, մեր զգայական ապրումները բավականին նույնական են: Ես գիտեմ, որ տիկին Մուշիկիվաբոն ունեցել է անձնական կորուստներ այդ ժամանակահատվածում, ինչպես մենք՝ թե՛ Ցեղասպանության, թե՛ Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ: Այսինքն՝ մեր միջև կա նաև հուզական փոխըմբռնում»:

«Հ. Հովհաննիսյանը նշեց, որ ԵՊՀ գիտական խորհրդի 2021 թ. սեպտեմբերի 30-ի նիստում որոշում է կայացվել հասարակական և քաղաքական ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների և Հայաստանի Հանրապետության ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Լուիզ Մուշիկիվաբոյին շնորհել «Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի» կոչումը»,- հայտնում են ԵՊՀ-ից։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ Լուիզ Մուշիկիվաբոն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ասել է, որ մինչ կազմակերպության գլխավոր քարտուղար դառնալը զգայական առումով կապված է եղել Հայաստանի հետ. «Մեր երկրները, որոնց բաժանում են պատմություն, լեռներ ու ծովեր, ճակատագրով կապված են իրար հետ: Այն, ինչ կատարվել է մեր ժողովուրդների հետ, կապում է մեզ»:

Շնորհակալություն հայտնելով իրեն ԵՊՀ դոկտորի պատվավոր կոչմանն արժանացնելու համար՝ Լուիզ Մուշիկիվաբոն ընդգծել է, որ այն իր համար պարզապես պարգև չէ, այլ առանձնահատուկ կապ Երևանի պետական համալսարանի հետ:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը նաև պատմել է կազմակերպության գործունեության վերաբերյալ, խոսել ճանապարհային այն քարտեզի մասին, որով առաջնորդվում են ֆրանկոֆոն մեծ ընտանիքի անդամ երկրները, և ներկայացրել, թե բուհական համակարգում համագործակցության ինչ ուղիներ կան, պատասխանել մասնակիցների հարցերին:

  • Կիսվել: