Եզդի ժողովուրդն իր հարգանքի տուրքը մատուցեց ցեղասպանության զոհերի հիշատակին
Եզդի ժողովուրդը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում իր հարգանքի տուրքը մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եզդի ժողովուրդը մշտապես եղել է և կլինի հայ ժողովրդի կողքին:
«106 տարի է անցել, սակայն այս ցավը չի մեղմացել: 1915-1918 թթ. եզդի ժողովուրդը նույնպես ցեղասպանություն է տեսել հայի հետ: Այդ տարիներին եզդիները նույնպես այդ ճակատագրին են արժանացել՝ տեղի է ունեցել ջարդ և ցեղասպանություն, մոտ 400 հազար զոհ ենք ունեցել: Այսօր այստեղ ենք, որպեսզի բարձրացնենք մեր բողոքի ձայնը՝ ընդդեմ Թուրքիայի ժխտողական քաղաքականության: Այդ երկիրը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, և 21-րդ դարում մենք տեսանք ցեղասպանության կրկնություն: 2014 թվականին տեղի ունեցած եզդիների ցեղասպանությունը հենց այդ ամենի շարունակությունն է»,- նշեց Հաջոյանը:
Նրա խոսքով՝ այդ ոճրագործությունը չդատապարտելը հանգեցրել է նոր ցեղասպանությունների: Եզդիների ազգային միության նախագահը կոչ արեց միջազգային հանրությանը և ԱՄՆ-ին, որպեսզի ճանաչվի ու դատապարտվի Հայոց ցեղասպանությունը: